Բաժիններ՝

ՄԻԵԴ­-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արագացված կարգով վարույթ
ընդունված ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

«Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տևել մինչև 10­-ը և ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետևյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, և
տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը և ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր
պահանջները»,­-ասել է Մելիքյանը և հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:

ԱՀ ՄԻՊ-­ի խոսքով, Եվրոպական դատարանում, ընդհանուր առմամբ, դա է ամենապարզ ձևով ներկայացված ընթացակարգը, բայց հաճախ լինում է նաև, երբ այդ մեխանիզմն անցնում է ևս մեկ շրջան:

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-­ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-­ն սկսել է ապրիլի 2­-ին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս