Սառա Փոլսոնը պատրաստ է Թրամփին մարմնավորել «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանում. THR
Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է: Ադ մասին նա հայտնել է The Hollywood Reporter հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Ես կցանկանայի մարմնավորել Դոնալդ Թրամփին»,-ասել է Փոլսոնը: «Եթե, իհարկե, Թրամփը գործող անձ լինի նոր եթերաշրջանում,վերապահում է արել նա:Իսկ ինչու ոչ: Այս դերը իրական մարտահրավեր կլինի դերասանի տեսակետից»:
Հեռուստասերիալի ռեժիսորներից եւ պրոդյուսերներից մեկը՝ Ռայան Մերֆին, փետրվարին հայտնել է, որ «Սարսափների ամերիկյան պատմության» յոթերորդ եթերաշրջանը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված համընդհանուր ընտրություններին:
«Սարսափների ամերիկյան պատմությունը» կլինի այն ընտրությունների մասին, որոնք մենք վերջերս անցկացրեցինք: Ես շահագրգռված եմ, որ ներկայացվի ոչ թե ակնհայտ, միակողմանի հայացքը ընտրությունների նկատմամբ, այլ ցուցադրվի կարծիքների ողջ սպեկտրը»,-ճշտել է Մերֆին:
Նա, սակայն, մինչ այժմ չի բացահայտել, թե ում է ինքը մտադիր դարձնել եթերաշրջանի գլխավոր գործող անձ՝ Թրամփին, թե նրա մրցակցին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Հարցազրույցներից մեկում ռեժիսորը եւ պրոդյուսերը ակնարկել է, որ հակված է դեպի հանրապետական թեկնածուն: Ավելի ուշ Մերֆին հասկանալ է տվել, որ երկու քաղաքական գործիչներն էլ հայտնվելու են միայն մի քանի էպիզոդներում:
Սերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում է 2011 թվականից, նաեւ նկարահանվում են Էվան Փիերսը, Դենիս Օ’Հերը, Ջեսիկա Լենգը, Քեթի Բեյթսը եւ ուրիշներ:
«Սարսափների ամերիկյան պատմությունը» «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել 2012 եւ 2016 թվականներին՝ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր Emmy հեռուստատեսային մրցանակը նվաճելով 2012, 2012 եւ 2014 թվականներին: Սառա Փոլսոնն անցյալ տարի Emmy է ստացել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» մինիսերիալում կատարած աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: