«Ժողովուրդ, խելքներդ գլուխներդ հավաքեք, խնդրում եմ. Կեղտից չհելնեք, կեղտաջրի մեջ չընկնեք». Հրանտ Բագրատյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանն Արթիկ քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ այս ընտրություններից հետո 5 այլևս տարի ընտրություն չի լինելու, և պատասխանատվությունը շատ մեծ է։
«Մտահոգ եմ նրա համար, որ կարող է պատահի՝ այս քարոզարշավի դավադիր ընթացքը կարող է ձեզ մի որոշման հանգեցնել, թե, ասենք՝ Պողոսն է ճիշտ, հետո պարզեք, որ կեղտից հելել եք, ընկել կեղտաջուրը։ Սա պարտավոր եմ ձեզ ասել»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ միացել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը՝ ելնելով արժեքային ընդհանրություններից:
«Ես հասկանում եմ, որ ձեզ համար դժվար է։ Գեղեցկուհիների մրցույթն ինչպե՞ս է լինում։ Շատ գեղեցկուհիներ որ հավաքվում են, չես էլ կողմնորոշվում, թե ով է սիրուն։ Հիմա բոլորը քայլում են այս նախընտրական քարոզարշավի պոդիումով։ Մենք այդ գեղեցկուհիներն ենք, դուք էլ հանդիսատեսն եք՝ ժյուրիի նման, որ պիտի որոշեք՝ ում ձայն տալ։ Մենք շուռ ենք գալիս, ասում ենք՝ այսպես նայեք, ավելի սիրուն ենք, և այլն։ Ես պիտի գամ, ասեմ՝ լսեք ինձ, ես խելոք եմ, մյուսը խելոք չի, և այլն, բայց այդպես չէ, տարբերություն կա, ժողովուրդ»,- հավելեց նա։
Հրանտ Բագրատյանն ասաց, որ, եթե հարց տային, թե ինչու է հարկավոր ընտրել այս կուսակցությանը, ապա ինքը կպատասխաներ, որ իրենք ապակենտրոնացման կողմնակից են։ «Մենք ուզում ենք ձեզ արտադրող դարձնել, բարձրացնել ձեր կարգավիճակը, որ հլու-հնազանդ չնստեք, ուրախանաք, ասեք՝ վարչապետը կամ նախագահը եկավ, խոսք տվեց վերանորոգել այս դպրոցի պատը»,- ասաց Բագրատյանը և նշեց, որ մարդիկ ինքնուրույնություն կստանան, քաղաքապետի ընտրությունը կպահպանվի, փոքր և միջին բիզնեսը կզարգանա: Նա նշեց, որ պետությունն ուղղակիորեն 140 հազար աշխատատեղ կստեղծի։
Նա հորդորեց մի պահ մտածել՝ եթե կաշառք են տալիս, այդ փողը որտեղի՞ց։ «Բացի դա՝ մտածեք՝ եթե սա ինձ կաշառում է, սա թույլ կտա՞, որ ես երբևիցե լավ ապրեմ, չէ՞ որ, ես եթե լավ ապրեմ, ես կաշառք չեմ վերցնի, թամահ չեմ անի այդ 10 հազար դրամին։ Ուրեմն նա, ով կաշառք է վերցնում, կամ տալիս է, իրար հետ պայմանավորվում են, որ ապրելու եք հավերժ աղքատության մեջ, վերցնողն էլ՝ հետը։ Դուք պիտի աղքատ լինեք, որ կաշառք վերցնեք, որ գնաք, ցուցակագրվեք,- ասաց նա՝ շարունակելով,- Ժողովուրդ, խելքներդ գլուխներդ հավաքեք, խնդրում եմ։ Կեղտից չհելնեք, կեղտաջրի մեջ չընկնեք»։ Նա նշեց, որ այս ուժը միջոցների կենտրոնացում չի քարոզում, որ հետո թալանի։ «Այս ուժն ասում է՝ ձեզ ինքնուրույնություն կտամ, գնացեք, աշխատեք։ Սա է մեր տարբերությունը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մարդկանց կարողացավ բացատրել իրենց տարբերությունը։ «Այնուամենայնիվ, այդ պոդիումի մեջ նայեք, էլի, գեղեցկուհիներից մեկն ամենագեղեցիկն է։ Ամենագեղեցիկին ընտրեք»,- եզրափակեց նա։