«Կա աննախադեպ միջազգային սատարում ՀՀԿ-ին». ՀՀԿ փոխնախագահ

«Այնպիսի հարց եք տալիս, կարծես մեկը մահամերձ վիճակում է, դուք էլ եկել եք  խոստովանություն կորզելու համար, որպեսզի մարդը հանգիստ խղճով մահանա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե՝ ՀՀԿ-ն 18 տարի իշխանության ղեկին է, այդ տարիների ընթացքում ընտրություններում ՀՀԿ-ի կողմից երբևէ վարչական լծակ չի՞ օգտագործվել, կամ գումար չի՞ բաժանվել:

Ա. Աշոտյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում մահանալ. «Ես էլ ձեզ խոստովանահոր կարգավիճակում, կներեք, չեմ տեսնում: Ինչ արձանագրվել է, արձանագրվել է, ովքեր պատժվել են, պատժվել են, մնացած ամեն ինչը հռետորաբանություն է, որը, կարծում եմ՝ պրոֆեսիոնալ լրատվական միջոցների համար չի հանդիսանում իրենց գործունեության հիմնական գործիքը»:

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարություն արեց՝ ասելով. «Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018 թվականին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով՝ ինչ-որ կարգավիճակով իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում, չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»:

Լրագրողի հարցին՝ եթե ՀՀԿ-ն հաղթի, դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ 2018-ից Սերժ Սարգսյանը չի ունենա իրական իշխանություն, եթե նման իրավիճակ չեք պատկերացնում, արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանը բռնել է ավտորիտարիզմի ճանապարհը, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Մենք գնում ենք խորհրդարանական համակարգի, դուք կարո՞ղ եք ինձ հիշեցնել որևէ պառլամենտական երկիր, որն ավտորիտար է: Ունե՞նք նման երկրներ, ես չեմ հիշում: Մենք անցնում են մի մոդելի, որը բացառում է ավտորիտարիզմը: Այդ մտավախությունները բացառեցի՝ կարծում եմ: Ինչ վերաբերում է նախագահի քաղաքական ապագային, ապա կարծում եմ՝ ավելի ճիշտ է այսօր խոսել ներկայի մասին»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հետընտրական հնարավոր սուր զարգացումներին՝ Ա. Աշոտյանը կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավը հաջողվեց բոլոր կողմերից, որպեսզի զերծ մնան բևեռացումից, ատելության քարոզչությունից. «Այս տեսակետից՝ աննախադեպ քարոզարշավ է՝ համեմատած 2008-ի կամ 2013-ի նախագահական ընտրությունների հետ: Այստեղ լուման միայն ՀՀԿ-ինը չէ, այլ նաև  գրեթե բոլոր մնացած քաղաքական ուժերինը: Վստահ եմ, որ հետընտրական փուլում հիմնական մասնակից քաղաքական ուժերը կմնան ոչ միայն՝ բարեկրթության, այլև օրենքի շրջանակներում: Պրակտիկորեն այս պահին վտանգ չեմ տեսնում:

Կա աննախադեպ միջազգային հետաքրքրություն, կա նաև աննախադեպ միջազգային սատարում նույն ՀՀԿ-ին: Կա միջազգային գործընկերների կողմից հավատ և վստահություն ՀՀԿ-ի հանդեպ՝ որպես կայուն և պատկառելի գործընկերոջ: Դրա մասին էր վկայում նաև ԵԺԿ նախագահի ուղերձը, որը կոչ արեց զերծ մնալ պոպուլիզմից: Արտաքին ճակատում, կարծում եմ, ամեն ինչ պարզ է»:

Տեսանյութեր

Լրահոս