
Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց ներողություն խնդրել տնօրեններից (ուղիղ միացում)

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզարշավը դրական է գնահատում: Նրա խոսքով՝ մրցակցային քարոզարշավ է ընթանում երկրում:
«Ընտրարշավը հիմնականում հանգիստ է անցնում, ուրախ եմ, որ բոլոր կողմերին հաջողվում է զերծ մնալ ծայրահեղական կողմնորոշումներից, ու հասարակության բևեռացման գործընթաց այս ընթացքում չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Նա հորդորեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այն տնօրեններին, որոնք ցուցակներ են կազմել ՀՀԿ-ի համար: «Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը:
«Կարծում եմ՝ Նիկոլն ունի այն խիզախությունը, որ ներողություն խնդրի երեկվա իր պիտակավորման համար, այդ կանայք իր մոր կամ կնոջ տարիքին են: Եթե նա էլ չանի, կհորդորեմ «Ելքի» մյուս անդամներին՝ դա անել իր փոխարեն»,- նշեց Ա. Աշոտյանը: