«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները դեռևս պահպանում են իրենց արժեքը». Ռիչարդ Հոգլանդ

«Համանախագահները պետք է զգուշավոր լինեն»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

Հարցին, թե ի՞նչ սկզբունքների է դեմ արտահայտվում ներկայումս Ադրբեջանը, Հոգլանդը պատասխանեց, որ  կարգավորման տարբեր ծրագրեր ու փաստաթղթեր են եղել, ինչպես Մադրիդյան սկզբունքները, հետո՝  Կազանի  հայտարարությունը, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի։ «Ես չեմ պատրաստվում մանրամսները ներկայացնել այն մասին, թե մյուս կողմն ինչ է մտածում, լավագույն տարբերակն այդ հարցը նրանց ուղղելն է՝ իմանալու համար, թե նրանք ինչ են կարծում։ Մեր աշխատանքը ոչ թե այն է, որ մենք չեզոք լինենք, այլ  այն է, որ մենք լինենք զգուշավոր, որպեսզի չստեղծենք այնպիսի իրավիճակ, այնպիսի  պայման, որի հետևանքով կողմերից մեկը կարող է մեզ ասել, որ  չի վստահում մեզ, մեր օգնությամբ չի պատրաստվում նստել  բանակցային սեղանի շուրջ, ուստի շատ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվում։ Կուզեի հստակ  պատասխան տալ, բայց որպես դիվանագետ՝ հասկանում եմ՝ պետք է զգուշավոր լինեմ այն խոսքում, որը հրապարակավ կհնչեցնեմ»,- ասաց Հոգլանդը։

Խոսելով Բաքվում  համանախագահների և Բաքվի իշխանությունների քննարկած թեմաներից՝ Հոգլանդը կրկին նշեց, որ դիվանագիտական էթիկան թույլ չի տալիս բացել խաղաքարտերը։

«Մենք խոսել ենք համաձայնությունների  մասին, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մենք լիովին հավատացած ենք, որ վստահության  ամրապնդմանն ուղղված այդ միջոցները   դեռևս իրենց արժեքը պահպանում են, և  ցանկանում ենք, որպեսզի դրանք իրականացվեն։ Ուստի պետք է փորձենք ապահովել այն պայմանները, որպեսզի առաջնորդները կրկին միմյանց հետ նստեն և խոսեն այս հարցերի մասին, որովհետև սա է միակ ողջամիտ ճանապարհը»,- ընդգծեց ամերիկացի համանախագահը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս