«Պետք է հաղթենք». Ի՞նչ սպասել Հայաստան-Ղազախստան հանդիպումից
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի E խմբում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ղազախստանի ընտրանուն:
Չնայած Ղազախստանը մեր խմբում ամենահարմար մրցակիցն է, Հայաստանի ընտրանուն այս խաղում բացարձակ ֆավորիտ չի կարելի համարել, քանի որ այս երկու հավաքականներն էլ սիրում են անակնկալներ մատուցել՝ թե՛ տհաճ, և թե՛ հաճելի:
Այս հավաքականները վերջին անգամ հանդիպել են կրկին Երևանում՝ 2012 թվականին: Այդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթել 3 գնդակի առավելությամբ:
Հայաստանի և Ղազախստանի հավաքականների վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 10 տարի առաջ Ալմա-Աթայում: Այս խաղում Իան Պոտերֆիլդի սաները կարողացան 1:2 հաշվով ավարտել հանդիպումը: Այս հաղթանակը համարում են Հայաստանի հավաքականի համար շրջադարձային և նոր որակի Հայաստանի հավաքականի սկիզբը:
Չեռնոգորիայի հետ խաղի ժամանակ իրականացրած հրաշալի քամբեքից հետո թե՛ երկրպագուները, և թե՛ ֆուտբոլիստները ոգևորությամբ սպասում են այս հանդիպմանը:
Լրագրողների հետ զրույցում Գևորգ Ղազարյանը նշել է, որ նոր գլխավոր մարզիչը թիմ է բերել ոչ միայն աշխատելու նոր սկզբունքներ, այլև բարձր տրամադրություն: Ըստ Ղազարյանի՝ թիմը լավ է աշխատում, պատրաստվում է և ամեն ինչ անելու է հաղթելու համար:
«Ակնկալիքները շատ են, պետք է հաղթենք»,- նշում է Ղազարյանը:
Հայ ֆուտբոլիստը հիշել է նաև 2 տարի առաջ կայացած հանդիպումը Ղազախստանի հետ:
«Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, և այդ խաղը սկզբից մինչև վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար»:
Ղազարյանը նշում է, որ չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, հավաքականի նպատակն այս խաղում միայն հաղթելն է.
«Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին»:
Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ թիմում բոլորը լավ են տրամադրված և բոլորն էլ հասկանում են՝ որքան կարևոր է այս խաղը:
«Բոլորս հաղթանակի ենք սպասում: Անցած խաղը շատ տպավորիչ էր, և մենք պետք է շարունակենք այդպես խաղալ:
Հեշտ մրցակիցներ չկան: Մենք դեռ շարունակում ենք ուսումնասիրել մրցակցին, դեռ ժամանակ ունենք: Մարզիչը կօգնի մեզ այդ հարցում»,- նշում է Հենրիխը:
Մարկոս Պիզելին նշում է, որ իր մարզավիճակը նորմալ է: Մարկոսը շեշտում է, որ անկախ խաղային պրակտիկայից՝ ինքն անցնում է անհատական մարզումներ, քանի որ արդեն 32 տարեկան է և պետք է լավ մարզավիճակ պահպանի:
«Ես Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել և գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, և Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում»,- նշում է Մարկոսը:
Հավաքական վերադարձած Էդգար Մանուչարյանը նշում է, որ իր թիմակիցները շատ լավ հանդես եկան Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում, և հիմա թիմը պետք է ամեն ինչ անի սկսածը շարունակելու համար:
«Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»,- նշում է Մանուչարյանը:
Տարվա լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանն էլ իր մրցանակը ստանալուց հետո խոսեց լրագրողների հետ՝ նշելով, որ չի ցանկանում գուշակություններ անել, այլ ավելի շատ ցանկանում է, որ հավաքականի պարգևած էմոցիաները շարունակական լինեն:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան