«5, 10 հազար դրամը ձեզ երջանիկ չի դարձնելու, ձեզ պառակտելու է, թշնամացնելու, իրար դեմ հանելու». Աղվան Վարդանյան

«Ապրիլի 2-ին մենք նոր Ազգային ժողով ենք ընտրելու՝ նոր բովանդակությամբ, որովհետև այս Ազգային ժողովը բոլոր նախորդներից տարբերվելու է մի պատճառով՝ 2018թ. համապետական ընտրություններով այլևս նախագահ չենք ընտրելու։ Նախագահ ունենալու ենք, որին 2018թ. ընտրելու է Ազգային ժողովը, բայց շատ սահմանափակ լիազորություններով»,- այս մասին երեկ Արտաշատում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ Ազգային ժողովն է որոշելու երկրի ներքին, արտաքին, սոցիալական, տնտեսական հարցերը, և հիմա քաղաքացիները պիտի որոշեն՝ ինչպիսի Ազգային ժողով, պատգամավորներ են ցանկանում ունենալ, ինչպիսի քաղաքական ուժեր են ցանկանում տեսնել այդ Ազգային ժողովում։

«Ընտրությունը համեմատություն է։ Պիտի ձեր առաջ փռեք մասնակցող 9 քաղաքական ուժերին, մեկ առ մեկ նայեք, ուսումնասիրեք ու հասկանաք, թե որն ինչ առավելություն, ինչ թերություն ունի։ Այս իմաստով Դաշնակցությունը որակապես էապես տարբերվում է մյուսներից։ Ո՞ր կուսակցությունն է, որ մեր ժողովրդի կյանքում կենսագրություն, փորձառություն, անցյալ, արած գործ ունի, այո՛, նաև թերություններ, վրիպումներ, սխալներ, բայց համեմատեք։ Դաշնակցությունն է, որ արդեն 127 տարի մեր ժողովրդի հետ է, որովհետև այս կուսակցությունը ստեղծվել է՝ որպես մեր ժողովրդի հարազատ արտացոլանք»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում մեր ժողովրդի կյանքում չի եղել մի կարևոր իրադարձություն, որին ՀՅԴ-ն մասնակցած չլինի, հորդորելով դիտարկել ընտրություններին մասնակցող մյուս 8 ուժերի անցած ուղին ու կենսագրությունը։

Կարդացեք նաև

«Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի, մեկ թագավորի կուսակցություն չէ: Նայեք, համեմատեք, տեսենք՝ մյուս կուսակցությունների դեպքում մի հոգի խոսում է, ամբողջ կուսակցությունը կրկնում է նրա ասածները»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ մարդիկ տեսել են, թե ինչպես են այլ կուսակցությունների անդամներն իրարից ձայն փախցնում,  իրար դեմ պայքարում, «մուտիլովկաներ անում».  «Ո՞ր կուսակցությունն է, որ ծրագիր, նպատակ, գաղափարախոսություն, սկզբունքներ ունի, որոնցից այս ամբողջ ընթացքում չի շեղվել,- ասաց Աղվան Վարդանյանը՝ շարունակելով,- Ուրիշներն ասում են՝ գալիս ենք փոփոխություններ անելու։

Դաշնակցությունն այս երկրում արդեն համակարգային փոփոխություն է արել։ Համակարգային, որովհետև կառավարման, ընտրական համակարգեր են փոխվել: Նայեք մյուս ուժերին: Մի վեց ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք, և իշխանությանը մեղադրում են բոլոր այն մեղքերի մեջ, որոնց մեջ վեց ամիս առաջ իրենց էին մեղադրում:

Դուք ժողովուրդ եք, դուք եք որոշում։ Քանի՞ երես կարող է մարդ ունենալ, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ այսօր մի բան ասել, վեց ամիս հետո՝ լրիվ հակառակը: Ինչպե՞ս կարող է կուսակցությունն իրեն թույլ տալ հարյուր տոկոսանոց սուտ խոստումներ տալ ու հետո նայել ձեր աչքերին: Ապրիլի 3-ն  անցնելու է, չէ՞, այդ սուտ խոստումներ տվողները, ովքեր ամեն օր ձեր աչքի առաջ են, վաղը պետք է պատասխան տա՞ն, թե՞ ոչ: Մի օր պետք է տան, որովհետև մինչև հիմա չեն տվել։ Անունները փոխում են, որ իրենց չճանաչեն։ Այսօր մի բան են ասում, հաջորդ օրը՝ ուրիշ բան»:

Աղվան Վարդանյանը հարց հնչեցրեց՝ ո՞ր կուսակցությունն է, որ այս ամբողջ ընթացքում հավատարիմ է եղել իր ասածներին, երբեք չի շեղվել, գնացել է առաջ, որը ներկա է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, Ջավախքում, աշխարհի երեսունից ավելի երկրներում, և ամեն տեղ մեր ժողովրդի շահերն է պաշտպանում, որի անդամները մի ընտանիք են։ Նա նշեց, որ դժգոհելով, բողոքելով, հայհոյելով, բամբասելով՝ հարց չի լուծվելու. հարցերը լուծվելու են՝ աշխատելով։ Նա հարցրեց, թե ինչ Ազգային ժողով է ուզում ժողովուրդը, այնտեղ իրական կուսակցությո՞ւն լինի, թե՞ կուսակցություններ, որոնք երեք ամիս առաջ իրար հասցեի «ինչ ասես՝ ասում էին», հիմա միավորվել են.

«Ուզում եք, որ ձեզ խաբե՞ն, թե՞ ԱԺ-ում իսկապես իրական քաղաքական ուժ լինի, իրական գործիչներ, որոնց նպատակն ազգային, պետական, ժողովրդի շահերն են: Ուզում եք քաղաքական ուժե՞ր, որոնք պատրաստ են զիջելու մեր ժողովրդի՝ վերջապես ձեռք բերածը, թե՞ ուզում եք իրական քաղաքական ուժ, որի համար մեր ժողովրդի արժանապատվությունը, պատիվը, ձեռքբերումները պահպանելը գերխնդիր է։

Ուզում եք Ազգային ժողովում պատգամավորնե՞ր տեսնել, որոնց տեսել եք այս ԱԺ-ում, որ բացի իրենց շահերը հետապնդելուց՝ բան չեն արել, թե՞ ուզում եք իրական կուսակցության անդամներ տեսնել։ Ուզում եք Ազգային ժողովում խմբակցություններ տեսնել, որոնք մեկ տարի հետո 10 մասի՞ են բաժանվելու։ Մտածեք, համեմատեք։ Ո՞ր քաղաքական ուժն է, ո՞ր կուսակցությունն է, որի խմբակցությունը երբեք մասերի չի բաժանվի, չի տրոհվի, չի պառակտվի։ Այսօր ձեր աչքի առաջ ունեք։ Քաղաքական ուժ կար, որ խմբակցությունում հինգ անդամ ուներ։ Այսօր հինգն էլ այդ կուսակցությունը չեն ներկայացնում, հինգ հոգով հինգ մասի են բաժանվել։

Քաղաքական ուժ ունեք, որը պառլամենտում 7 հոգով էր ներկայացված, չորս մասի է բաժանվել։ Այսօր մեկը մի դաշինքի մեջ է, մյուսը՝ մեկ այլ դաշինքի մեջ, մյուսը՝ ուրիշ տեղում։ ԱԺ-ում այսօր խմբակցություն ունեք, որից ընդամենը մեկ երրորդը մնաց, երբ ղեկավարը հրաժարվեց, քաղաքականությունից դուրս եկավ:  Ի՞նչ պառլամենտ եք ուզում։ Ուզում եք արժանապատիվ, մեր երկիրը ներկայացնող, բոլոր հարցերը բանավեճերով քննարկող պառլամե՞նտ, թե՞ պառլամենտ, որտեղ մի կուսակցությունը կարող է մեծամասնություն ունենալ և հերթական անգամ ասել՝ մեր դեմ խաղ չկա»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ մեզ հարկավոր է Ազգային ժողով, որտեղ իրական քաղաքական ուժ, ազգային, պետական, քաղաքացիների շահերով առաջնորդվող գործիչներ կլինեն, որպեսզի երկիրը կայուն, խաղաղ, ուժեղ լինի, մարդիկ ապրեն համերաշխ, չկորցնենք մեր մշակույթը, պատմությունը, մեր տեսակը։

Աղվան Վարդանյանը հորդորեց ճանաչել, համեմատել, տեսնել, թե որն է իրական ուժը, և քվեարկել խղճով. «5, 10 հազար դրամը ձեզ երջանիկ չի դարձնելու, ձեզ պառակտելու է, թշնամացնելու, իրար դեմ հանելու։ Հարազատ մնացեք ձեր բնույթին, ձեր տեսակին, ընտանիքին։ Քվեարկեք Դաշնակցությանը, և մենք կունենանք բարեկեցիկ, արդար, ուժեղ Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս