Հարկերի և տուրքերի հավաքագրումը պետբյուջե ավելացել է 8.9 տոկոսով

2017 թվականի հունվարին հարկերի և տուրքերի հաշվին Հայաստանի պետական բյուջե է մուտք գործել 80 մլրդ 280.5 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին հունվարին այն կազմել էր 73 մլրդ 686 մլն դրամ: Այս տարվա հունվարին հարկերի և տուրքերի հաշվին մուտք եղած գումարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 8.9 տոկոսով:

Ըստ ներկայացված տվյալների` 2017 թվականի հունվարին գրեթե բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրման առումով գրանցվել է աճ՝ բացառությամբ շահութահարկի և այլ հարկերի: Այսպիսով` այս տարվա հունվարին ՀՀ պետբյուջե է մուտք գործել 4 մլրդ 675.9 մլն դրամ շահութահարկ՝ նախորդ տարվա հունվարի 6 մլրդ 753.5 մլն-ի փոխարեն: Նվազումը կազմել է 30.8 տոկոս: Այլ հարկերի հավաքագրումը կրճատվել է 14.7 տոկոսով` այս տարվա հունվարին կազմելով 1 մլրդ  961.4 մլն դրամ, իսկ 2016-ի հունվարին` 2 մլրդ 299 մլն:

Ավելացված արժեքի հարկի հաշվին պետական բյուջե է մուտք գործել 33 մլրդ 71.8 մլն դրամ, ինչը 2016 թվականի հունվարի 31 մլրդ 67.3 մլն ցուցանիշը գերազանցում է 6.5 տոկոսով: Շուրջ 23 մլրդ 209.1 մլն դրամ է կազմել եկամտային հարկը, որը 2016 թվականի հունվարի 22 մլրդ 506.8 մլն դրամը գերազանցում է 3.1 տոկոսով:

115.8 տոկոսով ավելացել է ակցիզային հարկի կատարումը: 2017 թվականի հունվարին այն կազմել է 6 մլրդ 926.4 մլն, իսկ 2016-ի հունվարին` 3 մլրդ 209.7 մլն:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվին բյուջե է մուտք գործել 1 մլրդ 928.1 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին` 732.8 մլն: Աճը կազմել է 163.1 տոկոս:

Մաքսատուրքերի հաշվին այս տարվա հունվարի բյուջեի կատարումը կազմել է 3 մլրդ 512.6 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին այն կազմել էր 2 մլրդ 773.3 մլն դրամ: Այս տարվա աճը կազմել է 26.7 տոկոս:

Պետական տուրքն ավելացել է 8.6, հաստատագրված վճարները` 26.6, շրջանառության հարկը` 17.3, իսկ սոցիալական վճարները` 20.5 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս