«Այն, ինչ այսօր ասում է ՀԱԿ-ը, նույնն է, ինչ ասում է Վահան Մարտիրոսյանը Բաքվում». Արա Պապյան
«Ես, ճիշտն ասած, ակնկալիք ունեի, որ ավելի հստակ փաստարկներ կբերվեն, թե ինչու է ճիշտ տարածքները հանձնելու միջոցով խաղաղության հասնելու այդ ճանապարհը, որ ՀԱԿ-ը որդեգրել է։ Սա այն քաղաքական գիծն է, որը Տեր-Պետրոսյանը միշտ է ունեցել։ Այդ առումով որևէ նոր բան չտեսա։ Տեսա ձգտում՝ ներկա իշխանություններին և անձամբ Սերժ Սարգսյանին հավաստիացնելու, որ մենք կանենք բաներ, որը դուք չեք կարող նման ջանասիրությամբ անել՝ քարոզել տարածքների հանձնումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
«Կարելի է շատ օգտագործել գեղեցիկ բառեր։ «Խաղաղությունն» այդ գեղեցիկ բառերից մեկն է, և չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի մարդ, որ դեմ լինի խաղաղությանը, եթե մտագար չէ։ Պարզապես պետք է հասկանանք, թե որքան է հավանականությունը, որ առաջարկվող ծրագիրը կբերի խաղաղության, և արդյո՞ք ընդհակառակը՝ դա չի մոտեցնի պատերազմը»,- ասաց Արա Պապյանը՝ նշելով, որ փոխադարձ վստահություն երբևէ չի եղել, Ադրբեջանի նկատմամբ՝ առավել ևս, իսկ վստահության համար որևէ նախադրյալ չկա. ինչո՞ւ պիտի այսօր ավելի շատ վստահենք Ադրբեջանին, քան մեկ, երկու տարի առաջ կամ ավելի վաղ։ «Ի՞նչ երաշխիք, որ հիմա, երբ Ադրբեջանը շատ ավելի ռազմատենչ է, և դաստիարակվել է մի սերունդ, որը հայատյացությամբ է մեծացել, ապագայում կնքվելիք որևէ փաստաթղթի ավելի հավատարիմ կմնա, քան 1994թ.։ Կարծում եմ՝ սա պարզապես նախընտրական քարոզչություն է, և հիմնական նպատակակետը, թիրախային խումբն այն մայրերն են, ընտանիքները, որոնց զավակները ծառայում են բանակում կամ պիտի ծառայեն։ Այս խոսքն ուղղված է նրանց՝ մենք խաղաղություն կբերենք՝ լավ հասկանալով, որ մարդկանց մեծ մասը չի խորանալու մանրամասների մեջ, պարզապես ընկալելու է կարգախոսի մակարդակով, և նպատակն է՝ հաղթահարել 7 տոկոսի շեմը»,- ասաց Արա Պապյանը։
Արա Պապյանն ասաց, որ ակնհայտ է՝ իշխանությունը շահագրգռված է, որ հողերը հանձնելու դրոշակակիրը ՀԱԿ-ը լինի. «ՀԱԿ-ին այդ հնարավորությունները տրվում են։ ՀԱԿ-ը դա կարողանում է արտահայտել բավական լավ բառերով, որովհետև ըստ էության, այն, ինչ այսօր ասում է ՀԱԿ-ը, նույնն է, ինչ ասում է Վահան Մարտիրոսյանը Բաքվում։ Պարզապես Վահան Մարտիրոսյանը, այսպես ասած, մի փոքր ավելի միամիտ է և այլ բառերով է ասում։ Ըստ էության՝ նույն փաստն է»։
Արա Պապյանն ասաց, որ իր համար անընդունելի է, որ շահարկվում է պատերազմի և խաղաղության հարցը՝ ձայներ կորզելու համար, և այն արհամարհական վերաբերմունքը, որ կա սեփական ժողովրդի, պետականության և նրա մի մասը հանդիսացող Արցախի նկատմամբ։