Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Խոսում եք ժողովրդավարությունից, բայց Բուլղարիայում գտնվող թուրքերին ճնշում եք, այդպես չի կարող լինել»,-խոսելով Բուլղարիայում սպասվող ընտրությունների մասին՝ ասել է Էրդողանը:
Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին: Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները Թուրքիային հորդորել են դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:
Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի է համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ:
«Մեր կուսակցությունը վճռականորեն մերժում է մեր ներքին գործերին որևէ երկրի միջամտությունը»,-նշել է նա: Աջակողմյան ԳԵՐԲ («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») կուսակցության առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն է հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ: «Նման միջամտությունն անընդունելի է»,-հայտարարել է նա: