«Մարդ ուզում է հեռախոսը բացի, այնտեղից Հանրապետականի լոգոն է դուրս գալիս»
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսելով քաղաքական ուժերի ընտրարշավի մասին, ասաց, որ ընդհանուր քաղաքական դաշտն ապաքաղաքականացված է. «Չեմ կարծում, որ դա այս ընտրությունների խնդիրն է։ Անկախությունից ի վեր տարիներ շարունակ քաղաքական էլիտաներն անընդհատ աշխատել են հենց քաղաքական դաշտն ապաքաղաքականացնելու վրա, և մենք հասել ենք մի իրավիճակի, երբ հասարակությունը նույնիսկ պատրաստ չէ շատ լուրջ, խորը, քաղաքական կամ տնտեսական պլատֆորմներ ընկալել»։
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ցանցում հիմա աշխատում են պոզիտիվ կերպար ստեղծելու վրա, և յուրահատկություններից մեկն էլ նեգատիվի կտրուկ անկումն է։ Նախորդ պառլամենտական ընտրություններում ահռելի քանակով նախօրոք պատրաստված նյութեր էին նետվում ցանց՝ հակառակորդին վարկաբեկելու համար. այս անգամ ավելի շատ աշխատում են սեփական դրական կերպարը ստեղծելու վրա։
Միևնույն ժամանակ, Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ կուսակցություններն ավելի շատ են ներգրավում երիտասարդ ակտիվին։ «Մյուսների համեմատ՝ Հանրապետական կուսակցությունը ցանցն անխնա է օգտագործում։ Իրենք Viber-ով են spam տարածում, արդեն Android-ի հավելվածների մեջ են խցկում, մարդ ուզում է հեռախոսը բացի, այնտեղից Հանրապետականի լոգոն է դուրս գալիս, դեռ հեռախոսը չբացած, և այլն։
Այնպես որ, իրենք այդ առումով շատ ավելի ակտիվ են, և դա պայմանավորված է նաև նրանով, որ նախօրոք են պլանավորել այդ ամենը։ Շատերը ցանց հապճեպ են մտել, բայց դեռ ժամանակ կա։ Այս տասն օրերի ընթացքում հնարավոր է՝ մյուսներն էլ մտնեն մեր հեռախոսների մեջ։ Արդեն «Ծառուկյան» դաշինքից էլ է սկսել Viber-ով spam գալ։ Այնպես որ, բոլորն իրարից արագ-արագ սովորում են»,- ասաց նա։ Առանձնացնելով թույլ տրվող սխալները՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ քաղաքական քարոզչությամբ զբաղվող թիմերը շատ դեպքերում կապ չունեն քաղաքական ակտիվի հետ, ինչը հատկապես երևում է սոցիալական մեդիայում, աշխատանքը հաճախ պլանավորված չէ, ինչպես նաև մարդիկ, ովքեր երևում են գովազդում, և նրանք, ովքեր հետագայում քաղաքականություն են իրականացնելու, շատ դեպքերում տարբեր են։