«Մեր աշխատանքներում չպետք է համեմատվենք Ադրբեջանի հետ». դեսպան Տողանյան

«Ես չեմ կարծում, որ մեր աշխատանքում մենք պետք է համեմատենք մեզ ինչ-որ մեկի հետ, անենք ավելի կամ պակաս»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին։

Տողանյանը նշեց, որ ներդրումների ներգրավումը ՀՀ կառավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատանքի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, որտեղ աշխատանքի բաղմակողմանի սխեմա կա։ ՀՀ դեսպանը հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին կատարած այցը Մոսկվա, որի շրջանակում, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ստորագրվեց համաձայնագիր հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին։ «Սա համակարգային հետաքրքիր աշխատանք է, որի վրա աշխատելու ենք ՌԴ-ի Ուղղակի ներդրումների ֆոնդի հետ, դա հսկայական, անկախ ֆոնդ է, որն ունի մեծ միջազգային փորձ, շատ երկրների հետ են նրանք ակտիվորեն և արդյունավետորեն աշխատում։

Մենք նոր ներդրումներ, նոր տնտեսական պրոյեկտներ ներգրավելու ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, ունենք հետաքրքիր մտքեր՝ ստեղծել այնպիսի առանձին բիզնես պլաններ՝ կոնկրետ, որոնց հաջողության համար ջանքեր ենք ներդնելու, գնալու, ներկայացնելու։ Դուք այս մասին կլսեք։ Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում որոշ կոնկրետ քայլեր, կոնկրետ ստորագրված փաստաթղթեր և ներդրումներ կլինեն»,- վստահեցրեց դեսպան Տողանյանը։

Հարցին, թե՝ հայկական կողմն ի՞նչ մարտահրավեր է տեսնում այն հանգամանքում, որ ադրբեջանական լոբբին Ռուսաստանում բավականին ազդեցիկ արդյունքներ է գրանցում, պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ ջանքերին՝ հաշվի առնելով նաև այն, որ ընդունված է համարել, թե Հայաստանը ռեսուրսներ չունի այդ աշխատանքների համար, դեսպանը պատասխանեց, որ չեն փորձելու ռեսուրսները չափել։ Նրա խոսքով՝ սրանք գլադիատորական մարտեր չեն, երբ անհրաժեշտ է չափել ինչ-որ բան։ «Մենք պետք է անենք այն, ինչ արել ենք, ակտիվորեն հետագայում աշխատել ու առաջ մղել։

Հայաստանը ՌԴ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունի, միջկառավարական հարաբերություններ, դրանք ներառում են մեր կյանքի շատ տարբեր ոլորտներ` ռազմաքաղաքական, հումանիտար, առևտրատնտեսական, շատ լավ հարաբերություններ կան փորձագիտական հանրությունների մակարդակում, քաղաքացիական հասարակությունների, ժողովրդական դիվանագիտության, համապատասխանաբար՝ մենք այս բոլոր շրջանակների հետ ակտիվորեն շփվելու ենք, մեր գաղափարներն ենք փորձելու առաջ մղել, հրավիրել նրանց, կազմակերպել միջոցառումներ։

Ես չեմ կարծում, որ մեր աշխատանքում մենք պետք է համեմատենք մեզ ինչ-որ մեկի հետ, անենք ավելի կամ պակաս։

Մենք ունենք մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, պետական խնդիրներն այս ոլորտներում։ Այս խնդիրները պարզ են, ակնհայտ, դրանք բխում են մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից, և ես չեմ թաքցնելու՝ փորձելու ենք ակտիվորեն գաղափարներ առաջ մղել, այդ թվում՝ փորձագիտական հանրության հետ։ Սահմաններ դնել, թե ով ում հետ է աշխատում, և այլն, չենք անելու, բոլորի հետ ենք աշխատելու»,- նկատեց Վարդան Տողանյանը։

Տեսանյութեր

Լրահոս