«Ocean Holding» ընկերությունը 100 միլիոն դոլար կներդնի Հայաստանում

Աբու Դաբիում ընթացող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև։ «Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար, կառուցելու ֆոտովոլտային կայացներ և գործարկելու դրանք ՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում: Ներդրումները կիրականացվեն մի քանի փուլով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը պարզաբանել է, որ բազմաթիվ ուսումնասիրություններից և քննարկումներից հետո որոշվել է, որ մոտակա երեք տարում այդ ընկերությունը երկրում կկառուցի արևային ֆոտովոլտային կայաններ:

«Ներդրումային ծրագրի սկիզբը կլինի այս տարի, և փուլային սկզբունքով կկառուցվեն մոտ 100-120 մեգավատ կայաններ, որոնք կարտադրեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 3-4 տոկոսը: Ունենք պատրաստի ծրագրեր, որոնք վերջին երկու տարվա ընթացքում մշակվել են ներդրողներին ներկայացնելու համար: Դրանցում մանրակրկիտ ներկայացված են բոլոր տեխնիկական տվյալները, բոլոր հողակտորները:  Այս ընկերությանը ևս առաջարկը ներկայացվել է, բայց կարող են իրենք ընտրել այլ տարածքներ»,- նշել է նախարարի տեղակալը:

Նա վերականգնվող էներգետիկայի և ավելի կոնկրետ արևային էներգետիկայի ոլորտը հեռանկարային ներդրումային դաշտ է համարում և ակնկալում է դրական արդյունքներ ԱՄԷ-ում անցկացվող ներդրումային համաժողովից: «Ներդրողների լայն շրջանակ է հավաքվել, որոնք լայն հետաքրքրություններ ունեն հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և սա ընդամենն առաջին քայլն է: Ոլորտը երկարաժամկետ և ցածր ռիսկային, բայց միաժամանակ ցածր եկամտաբերությամբ ոլորտ է, որը նշանակում է, որ ներդրում կատարելով այս ոլորտում՝ ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի և ավելի»,-ընդգծեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ: Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031