«Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել». «CityBranding» ընկերության գործադիր տնօրեն

Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարող է հաջողությամբ  ներկայացնել աշխարհին: Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում նման կարծիք հայտնեց Ռուսաստանում գործող «CityBranding» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Դուբեյկովսկին:

«Հիանալի երկիր է Հայաստանը: Մարդիկ ասում են, որ Հայաստանը փոքր երկիր է, դրա համար աշխարհում որոշ մարդիկ չգիտեն այս երկրի մասին: Բայց Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել ողջ աշխարհին:

Բրենդավորումը ոչ թե խնդիրների մասին խոսելն է, քանի որ մյուսներին չեն հետաքրքրում ձեր խնդիրները, այլ խոսելն է այն մասին, թե ի՞նչ կարող եք անել, որո՞նք են ձեր առանձնահատկությունները»,- ընդգծեց Դուբեյկովսկին:

Նրա խոսքով՝ բրենդավորման հարցերով ոչ թե պետք է մեկ մարդ կամ մեկ բաժին զբաղվի, այլ բոլոր բնակիչները պետք է դառնան տվյալ տեղանքի բրենդավորման հենակետը: «Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:

Նա նաև  նշեց, որ իրազեկվածությունը երկրների ամենակարևոր չափանիշն է  կորպորատիվ բրենդավորում անելիս: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են երկրի բրենդավորման մասին, չեն կարող անտեսել երկրի պատմությունը, ավանդույթները:

«CityBranding» ընկերության գործադիր տնօրենն ընդգծում է, որ երկրների մասին առաջինը մարդիկ տեղեկանում են դեռ դպրոցական տարիքից՝ աշխարհագրության, պատմության, գրականության դասագրքերից: Երկրի ներկայացման համար շատ է օգտագործվում նաև մշակույթն ու խոհանոցը:

Տեսանյութեր

Լրահոս