ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Տողանյանը՝ Օլեգ Եսայանի գործունեության մասին
«ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մաքսիմալ բաց կլինի ԶԼՄ-ների համար»,- այս մասին այսօր հայ և ռուս լրագրողների հետ մուլտիմեդիոն հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ ներկայացնելով դեսպանատան առաջնահերթությունները։
Մասնավորապես, հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրեն նախորդող դեսպան Օլեգ Եսայանի գործունեությանն ուղղված քննադատությունները, նորանշանակ դեսպանն պատասխանեց, որ չնայած քննադատություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են, և այստեղ շատ բան է արվել։ «Ուստի ես շատ կարող եմ իմ ծրագրերից խոսել, շատ եմ խոսել այդ մասին, կխոսեմ այսօր ևս, բայց նախորդ դեսպանի գործունեությունը մեկնաբանելուց կհրաժարվեմ։ Հուսով եմ՝ կհասկանաք»,- նկատեց նա։
Անդրադառնալով ԶԼՄ-ների հետ աշխատանքի կարևորությանը՝ դեսպան Տողանյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերում աշխատանքի վերաբերյալ հետաքրքիր որոշումներ են կայացրել։ «Կա միջոցառումների և աշխատանքների մի հետաքրքիր ծրագիր։ Մենք մաքսիմալ բաց ենք լինելու ԶԼՄ-ների համար, ինչպես՝ հայաստանյան, այնպես էլ՝ առաջին հերթին՝ ռուսաստանյան, քանի որ մենք Մոսկվայում ենք։ Առաջինը, ինչ արել ենք, դա զարգացնելն է մեր աշխատանքը սոցիալական ցանցերում, աշխատանք այդ ցանցերի ներկայացուցիչների՝ բլոգերների, հետ, արդեն ունենք էջեր Ֆեյսբուքում, Թվիթերում։
Սա առաջին ծիծեռնակն է, այս ուղղությամբ շարունակելու ենք ակտիվ աշխատել։ Կարծում եմ, որ թվային տնտեսության պայմաններում, երբ երիտասարդությունն ավելի ու ավելի է ներգրավվում համացանցում, մենք այս ցանցերում ակտիվ ենք լինելու և նույնիսկ ծրագիր ունենք՝ կամավորներին ներգրավել այս աշխատանքներում՝ մեր ուսանողներին, երիտասարդությանը, որոնք սովորում են բուհերում, առաջին հերթին՝ դիվանագիտական հաստատություններում»,- մեկնաբանեց Վարդան Տողանյանը՝ շարունակելով, որ, ի թիվս դիվանագիտական աշխատանքների ներկայացմանը, ցանցերում առաջ են մղվելու երկրի իմիջը, ավանդույթներն ու մշակույթը։
Այս աշխատանքները, նրա խոսքով, ծավալվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռոստովում, Պետերբուրգում, Սոչիում, որտեղ կան հյուպատոսություններ։