
Բուլղարիան կոչ է արել Թուրքիային չմիջամտել իրենց երկրում կայանալիք ընտրություններին

Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել են Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի է համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ:
«Մեր կուսակցությունը վճռականորեն մերժում է մեր ներքին գործերին որևէ երկրի միջամտությունը»,-նշել է նա:
Աջակողմյան ԳԵՐԲ կուսակցության («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն է հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ:
«Նման միջամտությունն անընդունելի է»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ այդ կապակցությամբ Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Սոֆիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել էր երկիր՝ խորհրդակցությունների նպատակով:
Մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին: Թուրքիայի ղեկավարները կոչ էին արել ձայներ տալ հենց այս կուսակցությանը: