![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը մայիսի 25-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Բրյուսելի հանդիպմանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/tramp-6.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին մարտի 21-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը կուղեւորվի Բրյուսել, որպեսզի մայիսի 25-ին մասնակցի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի անցկացման մասին հայտարարել է այսօր ավելի վաղ»,-ասված է Սփայսերի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարներն այդ հանդիպման ընթացքում մտադիր են հավաստել «ԱՄՆ-ի վճռական աջակցությունը ՆԱՏՕ-ին, քննարկել դաշինքի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը, հատկապես դաշնակիցների միջեւ պատասխանատվության բաշխումը եւ կազմակերպության դերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
Բացի այդ, Թրամփը ապրիլի 12-ին Սպիտակ տանը կընդունի Հյուսիսատյալնտայան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: «Նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես ամրապնդեն դաշինքը, որպեսզի դիմագրավեն ազգային ու միջազգային անվտանգության առջեւ ծառացած մարտահրավերները»,-հավելել է Սփայսերը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ներկա չի լինի ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որն ապրիլի 5-6-ին տեղի է ունենալու Բրյուսելում: Նշվել է, որ Թիլերսոնի փոխարեն այնտեղ կմեկնի քաղաքական գործերով նրա տեղակալ Թոմ Շենոնը:
Լուսանկարը`AP