
«Հայաստանը պետք է անընդհատ բարձրաձայնի իր բրենդի մասին»

Հայաստանը բրենդավորման մեջ առաջընթացի հասնելու համար պետք է անընդհատ ներկայացնի երկիրը, բարձրաձայնի իր բրենդի մասին: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպված «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը:
«Երբ խոսքը գնում է բրենդավորման մասին, պետք է հասկանալ, որ կան բրենդավորման տարբեր տեսակներ: Կա պետության, բիզնեսի, մարդկանց բրենդավորում: Հայաստանը բրենդավորման մեջ առաջընթացի հասնելու համար պետք է անընդհատ բարձրաձայնի իր բրենդի մասին, ներկայացնի երկիրն աշխարհին»,- նշեց նա:
Մոենգն առաջին անգամ է Երևանում: «Ուրախ և խանդավառված եմ՝ այստեղ լինելու համար, համոզված եմ, որ հաղորդակցությունը կկառուցի աշխարհը»,- ասաց Մոենգը՝ հավելելով, որ հաղորդակցությունն այն կամուրջն է, որը կապում է մարդկանց և պետություններին, իսկ Հայաստանն էլ հանդիսանում է այդ հաղորդակցության մի մասը:
Սոլլի Մոենգը մինչ Հայաստան գալը երկրի մասին լսել է իր ֆրանսիացի գործընկերներից, ովքեր որպես Հայաստանի բրենդ են նշել հավատքն ու խոհանոցը: