Առաքել Մովսիսյանը չի պատժվի. Բավարարվել են միայն ԿԸՀ զգուշացմամբ

«Ցանակացած տիպի ընտրակաշառք ինձ համար դատապարտելի է՝ լինի դա ուղիղ գումար տալու միջոցով, թե պոպուլիստական միջոցով։ Իսկ ընտրակաշառք չէ՞ արդյոք անիրական, բայց ականջահաճո խոստումներ տալը։ Դա էլ քաղաքական ընտրակաշառք է, չէ՞։ Եվ միևնույն ժամանակ նաև ընդունելի չէ, երբ խոսում ենք և թմբկահարում ենք մի խնդրի մասին, որը ես չեմ բացառում, որ կա, անգամ ամենազարգացած երկրներում բացառված չի ընտրակաշառքը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի ուղղակի և անուղղակի խոստումներն ընտրողներին՝ ֆինանսական և նյութական աջակցություն հատկացնելու մասին։

Ըստ Շարմազանովի՝ իրենց հստակ դիրքորոշումն է, որ եթե իրենց թեկնածուներից որևէ մեկը գնա նման քայլի, խստագույնս պատժվելու է. «Նաև ձեր լրատվամիջոցի միջոցով ասում ենք հասարակությանն ու մեր գործընկերներին՝ մենք խստագույնս պատժելու ենք օրենքով սահմանված կարգով և հետևելու ենք, որպեսզի նրանք, ովքեր կփորձեն ընտրական գործընթացները տանել ոչ օրինական ճանապարհով, որպեսզի նրանք որևէ տեղ չունենան»։

Մեր հարցին, թե ի՞նչ է արվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առաքել Մովսիսյանի դեպքում, երբ նա գյուղերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղում ասֆալտելու խնդիր էր լուծում, Է. Շարմազանովը պատասխանեց, որ ԿԸՀ-ն զգուշացրել է, Առաքել Մովսիսյանն ասել է, որ ինքը տեղյակ չէր և հիմա ամեն ինչ նորմալ է։ Հարցին՝ կուսակցական որևէ քայլ կամ զգուշացում կլինի՞, խոսնակը նշեց. «Կուսակցական դիրքրշումը նա է, որ մենք բոլորին ասել ենք՝ պետք է ընտրություններն իրականացնենք Ընտրական օրենսգրքի համաձայն»։

Տեսանյութեր

Լրահոս