«Կարող է ընկնենք, բայց երբեք չենք ծնկելու». Րաֆֆի Հովհաննիսյան
«Եթե չլինեին այս իշխանությունները, չլինեին ապօրինությունները, Արթուր Սարգսյանը ողջ կլիներ։ Իշխանությունը բառիս բուն իմաստով սպանեց Արթուր Սարգսյանին»,- այսօր Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ իշխանության կողմից իրականացվող բռնությունների և կեղծիքների պաշտպանը ոստիկանությունն է, որը սակայն չպետք է մահակ լինի մարդկանց համար և պաշտպանի ժողովրդին հանցագործներից։
Դաշինքի անդամ Գառնիկ Սահակյանը հայտարարեց, որ իրատեսական է առողջապահությունը 100% անվճար դարձնելը։ Ըստ նրա՝ այդ նպատակի համար կարելի է ուղղել հանքարդյունաբերության վճարած 23 մլրդ դրամ հարկը, նաև դա հնարավոր է 100% ապահովագրության անցնելու դեպքում։ Կանխատեսելով, որ այսպես շարունակվելու դեպքում, փոքր դեղատներն ապագայում կփակվեն կամ կուլ կգնան խոշոր ընկերություններին, Գ.Սահակյանը հայտարարեց, որ դեղերի գներն էլ կբարձրանան. «Ասածս ինչ է՝ մոնպոլիաները պետք է ջարդել, տնտեսական դաշտը՝ ազատականացնել, որը կբերի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր երկիրը պետք է դարձնենք ոչ թե փախուստի, այլ վերադարձի երկիր. «Կարող է ընկնենք, բայց երբեք չենք ծնկելու»։
Ր.Հովհաննիսյանն օրինակ բերեց Արմեն Մարտիրոսյանին և հայտարարեց, որ «Ժառանգությունը» մի մարդու կուսակցություն չէ։
Ր.Հովհաննիսյանի կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է խոսի արտագաղթից, աղքատությունից, կոռուպցիայից։ Իսկ բարեգործներին Ր.Հովհաննիսյանը հորդորեց քարոզարշավի հետ չկապել որևէ բարեգործություն.
«Իրական բարեգործը դա անում է համեստ, պարկեշտ, լռելյայն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ տիկինը՝ իմ շեֆը, Արմենուհին, զբաղվում է դրանով այս քաղաքում»։
ՕՐՕ անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի խոսքով՝ ապրիլի 2-ին որոշվելու է մեր սերունդների ճակատագիրը և ապագան։ Ըստ նրա՝ ընտրությունը շատ հեշտ է լինելու. «Ընտրությունը սևի և սպիտակի միջև է»։
Նա վստահեցրեց, որ ընդդիմություն կա և այդ ներկապնակում ամենավառ գույները իրենց դաշինքինն են. «Մենք ժողովրդավարներ ենք, ազատ արժեքների կրողներ ենք»։
Դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքի վրա՝ այսօր ՀՀ զարգացումը չի ապահովվում և դրա պատճառը կառավարման անարդյունավետությունն է, ժողովրդի հետ շփվելու ունակության, գաղափարական, հաշվետվողականության բացակայությունը. «Մենք դոփում ենք տեղում, եթե չասենք հետընթաց ենք ապրում»։
Օհանյանի կարծիքով՝ իշխանափոխությունն այլընտրանք չունի. «Թող գան նոր ուժեր, ավելի գրագետ թիմ, որ կարող է այս երկիրը տանել առաջ»։
«Մեր շարժումը թափ է ստանում, մենք վճռական ենք տրամադրված»,- հավելեց Օհանյանը։