
Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:
2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի:
Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս շուրջ 600 նոր աշխատատեղ: