Շրջանակային համաձայնագիրը և ԱԺ ընտրությունները

Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսյանի մահը զգացականության ալիք բարձրացրեց եւ տեղի տվեց հրապարակային թեժ քննարկումների, հաճախ զեղումային գրառումների, մեղադրանքների:

Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերումը, սկզբունքայնությունը եւ դրանց կապված իր կյանքի ավարտը, թվում է, որ պիտի շարունակեն առանցքային նյութ մնալ ո՛չ միայն հասարակական քննարկումների, այլ նաեւ քաղաքական հայտարարությունների:

Խնդիրը այս դեպքում եւ ընդհանուր պատկերի մեջ ընտրաքաղաքական առումով այլ հարթության վրա պետք է դիտարկել:

Երեւան-Բրյուսել վերջին բանակցությունները, ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման համար բանակցությունների ավարտի հայտարարությունը եւ դրանից հետո նաեւ վիզայի ռեժիմի վերացման նպատակով ընթացող բանակցությունների մասին պաշտոնական նախանշումներ կատարելը համոզում էին, որ ՀՀ-ի կամրջման հանգամանքը սկսել է ձեւավորվել հատկապես «Թե, թե», այսինքն` ԵՏՄ-ին անդամակցելով նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափերով աշխատելու առաջադրանքը սկսել էր գործադրվել:

Պատահական չէր, որ ԵՄ-ի հետ բանակցությունները ընթանում էին քայլ առ քայլ, համընթաց սահմանադրության նորացման, ընտրակարգի որդեգրման: Համաքայլ այս կշռույթով Բրյուսելը պարզ էր դարձրել, որ եւրոպական չափանիշերի հետ Երեւանի համարկումը շատ կենսական նախապայման է ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման համար:

Ամենայն հավանականությամբ, քաղաքական տրամաբանության այս պարունակում պետք է ընկալել Երեւանում ԵՄ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, որի համաձայն մինչեւ ստորագրությունը պետք է տարվեն տեխնիկական աշխատանքներ, ինչը ժամանակ է պահանջում: Ահա այստեղ է բուն խնդիրը. այդ ժամանակը կապ ունի մինչ ընտրական կամ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվող իրադարձությունների հետ: Ո՛չ Ջրառատի միջադեպը, ո՛չ ծեծկռտուքները, եւ այս դեպքում նաեւ հիմնականորեն Արթուր Սարգսյանի մահը կարող են այդ ժամանակի տեւողության վրա դրական ազդեցություն ունենալ: Տեխնիկական հարցերի ճշտումը կարող է բանակցային հանգրվանների նման ժամանակ խլել եւ ձգձգել ստորագրության պահի ճշտումը:

Հակառակորդների կողմից շրջափակման ենթակա մեր հանրապետությունը ազգային-պետական շահերից ելնելով կամրջման դերակատարության ստանձնման անհրաժեշտության առաջ է ռազմավարական առումով:

Այդ առաջադրանքի իրականացման համար նոր պայմանագիրը նվաճելի անհրաժեշտ ուղի է մեր պետության համար: Այդ ուղու հարթման համար էլ անցնցում, թափանցիկ, արդար ընտրությունների կազմակերպումը անշրջանցելի հրամայական է: Ցնցումները, միջադեպերը, ծեծկռտուքներն ու կրակոցները միայն կխանգարեն այդ ուղուց ընթանալու որոշման առարկայացումը:

Այս նախապայմանը բառացիորեն պարզ դարձրել է ԵՄ-ի պատվիրակության ղեկավարը. «Իհարկե, համաձայնագրի իրականացման միջավայրը կախված կլինի նրանից, թե ինչպե՛ս են Հայաստանում իրականացվում ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական բարեփոխումները: Որքան ավելի շատ եւրոպական բարեփոխումներ, ավելի շատ ժողովրդավարացում ու տնտեսական ազատություն լինի Հայաստանում, այնքան ավելի լավ միջավայրը կլինի մեր համագործակցության համար»:

Իշխանությունները, իրավապահ մարմինները, ընտրություններին մասնակցող ուժերը եւ հասարակությունը` Աժ-ի ընտրություններին կհաջողե՞ն ներկայանալ նաեւ քաղաքական այս գիտակցությամբ: Հարցի պատասխանը դեռեվս անորոշ է` նկատի ունենալով նախընթաց դեպքերը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Տեսանյութեր

Լրահոս