Բաժիններ՝

Ինտերնետ միջավայրում կատարվող քարտային գործառնությունների թիվը Հայաստանում սրընթաց աճել է

2017 թվականի հունվարին Հայաստանի տարածքում ՀՀ առևտրային բանկերի և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով կատարվել է 2 մլն 97.9 հազար գործառնություն, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 83.4 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հունվարի տեղեկագրից։

Իսկ ինչ գործարքներ են կատարվել վճարային քարտերով՝ ըստ սպասարկման միջոցների, և ինչպես է փոխվել դրանց թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ։

Կառուցվածքը՝ ըստ գործառնությունների քանակի

2017թ. հունվարին իրականացված շուրջ 2.1 գործառնությունների մեծ մասը՝ 1 մլն 386.5 հազարը (ընդհանուրի 66.1%-ը) ATM-ներով (բանկոմատներով) իրակացված գործառնություններն են։

Ինտերնետ միջավայրում կատարվել է 358 201 գործառնություն (ընդհանուրի 17.1%-ը), POS տերմինալներով և իմպրինտով՝ 353 243 գործառնություն (ընդհանուրի 16.8%-ը)։

Կառուցվածքը՝ ըստ գործառնությունների ծավալի

Ծավալի առումով նույնպես առաջատարը ATM-ն է։ ATM-ներով հունվարին կատարվել է 60.4 մլրդ դրամի գործառնություն, որը կազմում է ընդհանուրի 72%-ը։ Նշենք նաև, որ դրա մեծ մասը ATM-ով կանխիկացման գործարքներն են՝ 60 մլրդ դրամ։ Իսկ ATM-ների միջոցով կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնությունների ծավալը շատ քիչ է։

Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով կատարվել է 7.8 մլրդ դրամի գործառնություն (ընդհանուրի 9%-ը), իսկ POS տերմինալներով՝ 15.8 մլրդ դրամի գործառնություն (ընդհանուրի 19%-ը)։

Մեկ գործարքի միջին ծավալը

Ինչպես նկատեցիք, ինտերնետ միջավայրում և POS տերմինալով կատարված գործարքները իրենց քանակով շատ չեն տարբերվում, իսկ ծավալով՝ POS տերմինալով գործարքները ավելի երկու անգամ ավելի մեծ են։

Սա նշանակում է, որ ինտերնետ միջավայրում մեկ գործարքի միջին արժեքը շատ ավելի քիչ է. 2017 թվականի հունվարին այն կազմել է մոտ 21.7 հազար դրամ։

POS տերմինալով մեկ գործարքի միջին ծավալը 44.7 հազար դրամ է, իսկ ATM-ներով՝ 43.6 հազար դրամ։

Փոփոխությունը

2017 թվականի հունվարին՝ 2016-ի հունվարի համեմատ վճարային քարտերով կատարված գործառնություններն աճել են թե՛ քանակային, թե՛ ծավալային առումով։

Այսպես, գործարքների քանակն աճել է 273 հազարով կամ 15%-ով, իսկ ծավալը՝ շուրջ 7 հազարով կամ 9.1%-ով։

Ինչպես տեսնում եք գծապատկերներում՝ թե՛ քանակի, թե՛ ծավալի առումով ամենից շատ աճել են ինտերնետ միջավայրում կատարված գործարքները (համապատասխանաբար, 60%-ով և 88.4%-ով)։

Տվյալների մշակումը՝ B4B PRO

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս