Լևոն Զուրաբյանը՝ ՕՐՕ-ի առաջարկի մասին
«Հարցն այսօր կառավարական կոալիցիայի մասին է, իսկ նախկինում եղել է քաղաքական համագործակցություն, որը կարող է լինել անգամ Հանրապետական կուսակցության հետ որևէ հարցի շուրջ եղել են նման դեպքեր, երբ համագործակցել ենք և հասել ենք որևէ նպատակների։ Այսինքն՝ քաղաքական համագործակցություն շատ կոնկրետ հարցի շուրջ չի բացառվում որևէ ուժի հետ, բայց կառավարական կոալիցիայի կազմումը շատ ավելի լուրջ է»,- այսօր նախընտրական քննարկումների ժամանակ հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՕՐՕ դաշինքի առաջարկը ընդդիմադիրներին՝ ազգային համաձայնության իշխանություն ձևավորել։
Ըստ նրա՝ կառավարական կոալիցիա կազմելու համար պետք է համադրելի լինեն ուժերի մոտեցումները, սկզբունքները, պատասխանատվության վերաբերյալ պատկերացումները։
Հարցին՝ ԱԺ ընտրություններից հետո դաշինքը ՕՐՕ-ի հետ կոալիցիա կկազմելի՞, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ ՕՐՕ-ի հայտարարությունն այսօր է եղել, իսկ իրենք սովորաբար «ոտքի վրա» որոշում չեն կայացնում։