Բաժիններ՝

«Անկախության հանրաքվեն «խորապես անարդար է» շոտլանդացիների նկատմամբ». Մեյ

Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ: Այս կարծիքը The Times թերթում հրապարակված հեղինակային հոդվածում շարադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը քննադատել է Էդինբուրգում
կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) դիրքորոշումը, որը հանդես է եկել որպես նոր հանրահարցման նախաձեռնող:

«ՇԱԿ-­ը փորձում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը ստիպել՝ համաձայնելու այն բանին, ինչը խորապես անարդար է Շոտլանդիայի ժողովրդի նկատմամբ: Նա ցանկանում է շոտլանդացիներին խնդրել՝ կարեւորագույն որոշում ընդունել անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Նրանք չեն իմանա, թե ինչ է իրենից ներկայացնելու ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի նոր գործընկերությունը, եւ որը կարող է լինել անկախ Շոտլանդիայի այլընտրանքը: Դա պարզապես անազնիվ կլիներ»,-­կարծում Է Մեյը:

Վարչապետն ընդգծել է, թե ինքը ՇԱԿ-­ի հետ համաձայն չէ այն բանում, որ այժմ հարմար ժամանակ է անկախության հանրաքվեի թեման քննարկելու համար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն իրավիճակում, երբ բոլոր ջանքերն առաջիկայում պետք է կենտրոնացվեն Brexit-­ի պայմանների շուրջ ԵՄ­ի իշխանությունների հետ բանակցությունների վրա, Էդինբուրգի կողմից առաջարկված մոտեցումը կարող է,
ընդհակառակը, խանգարել Լոնդոնին՝ արդարացի համաձայնության հասնել թե՛ Շոտլանդիայի, թե՛ ամբողջ Մեծ Բրիտանիայի համար: Ուստի հանրահարցման անցկացումը «այն չէ, ինչին հիմնավորված կարող է համաձայնել ցանկացած պատասխանատու կառավարություն»,­-արձանագրել է Մեյը:

Նրա համոզմամբ՝ Միացյալ Թագավորության մեջ մտնող պետությունների դաշինքը, որոնք միասին են ապրում արդեն ավելի քան երեք հարյուրամյակ, «առավել հաջողակն է նրանցից, որը տեսել է այս աշխարհը»: «Մենք միասին ենք աշխատել, միասին ենք բարգավաճել, միասին պատերազմներ մղել: Եվ ես հավատում եմ, որ մենք մեծ ապագա ունենք»,­-ասել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս