«Ինչ էլ անենք, պետք է անենք մտածված և մասնագետների հետ լայն քննարկումներից հետո». Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության ընթացքում անդրադարձել է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին խոսակցություններին:
«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ լուրջ տեսակետներ չեն եղել կամ աշխատանք չի իրականացվել, որ գիտական կոչման շնորհման միաստիճան համակարգի անցնենք: Խոսակցություններ ես լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրություն չկա: Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, օրենքի նախագիծը գոյություն չունի, և ես չեմ տեսել»,- նշեց Ս. Սարգսյանը:
Նա նաև հավելեց, որ Հայաստանը պետք է համահունչ լինի եվրոպական գիտական միջավայրին, սակայն պետք է պահի իր առանձնահատկությունը: «Ինչ էլ որ անենք, պետք է անենք մտածված և մասնագետների հետ լայն քննարկումներից հետո: Առանց քննարկումների նման օրենքի նախագիծ չի լինելու»,- ասաց Սերժ Սարգսյանը: