«Մեր բնակչությունը Հանրապետականին տհաճ անակնկալ է մատուցելու այս ընտրությունների ժամանակ». Մանուկ Սուքիասյան

Արդեն երկու շաբաթ է` քարոզարշավը սկսվել է: Քարոզարշավի ընթացքի, ծրագրերի, ինչպես նաև ապագա անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մանուկ Սուքիասյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար, ռեյտինգային թեկնածու Էդգար Առաքելյանը:

«Քարոզարշավը մեզ մոտ ընթանում է՝ ըստ նախատեսված պլանի, մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր ձևաչափերով` և՛ բակային հանդիպումներ, և՛ ավելի լայնամասշտաբ հանդիպումներ: Արդեն կիսվել է քարոզարշավի ընթացքը, կարծում եմ` առաջիկայում ավելի ինստենսիվ ձևով մենք մասնակցություն կունենանք քարոզարշավին»,- ասաց Էդգար Առաքելյանը:

Իսկ Մանուկ Սուքիասյանը նշեց. «Գնահատականն ինձ համար երկակի է, քանի որ, որպես ռեյտինգային թեկնածու՝ բնակչության հետ շփվելով, ստանում եմ շատ մեծ դրական լիցքեր, և կարծում եմ, որ մեր բնակչությունը Հանրապետականին տհաճ անակնկալ է մատուցելու այս ընտրությունների ժամանակ` ոչ հանրապետականներին տրվող ձայների տեսքով. այսինքն` Հանրապետականը շատ մեծ  ցանկության դեպքում էլ չի կարողանալու «թիվ խփել»: Մյուս կողմից էլ` կան լոկալ բախումներ, ծեծ, ջարդ, որոնք, որքան էլ Ոստիկանությունը փորձի վերագրել կենցաղային բնույթի, միևնույն է, եթե այդ ամենը ջրի երես է դուրս գալիս հենց այս օրերին և ստանում է լկտի դրսևորումներ, չուզենք էլ, կապում ենք ընտրությունների հետ: Ես կոչ եմ անում իշխանավորներին և իրավապահներին, սթափվել և իրենց հրոսակներին կարգի հրավիրել: Հակառակ պարագայում, որքան էլ ցանկանան, այս ընտրությունները չեն կարող կոչվել մեկ քայլ առաջ»:

Խոսելով իրենց ընտրական ծրագրից` Էդգար Առաքելյանը նշեց. «Մենք առաջարկել ենք 30 ծրագրային կետեր, որոնք իրատեսական են, որոնք իրենց տակ ունեն և՛ տնտեսագիտական, և՛ ֆինանսական հիմնավորումներ: Մենք ասում ենք, թե ինչպես այս կետերն իրականության կբերենք: Այս կետերի կյանքի կոչումը մեծ ֆինանսական ռեսուրսներ չի պահանջում: Հակառակը` մենք շեշտադրել ենք, որ ունեցած ֆինանսական ռեսուրսների օգտագործմամբ կարելի է առաջարկված կետերի մեծամասնությունը կյանքի կոչել: Ծրագրերի մասին հանրությունը տեղյակ է. այն վերաբերում է և՛ պրոֆեսիոնալ բանակին, և՛ ավանդների վերադարձին, և՛ կանխավճարի վերացմանը, ինչպես նաև` նոր ամուսնացող զույգերին միանվագ 500.000 դրամի աջակցություն է տրվում: Սրանք իրատեսական են, և մեր հաջողության դեպքում մենք կկարողանանք կյանքի կոչել»:

Խոսելով սոցհարցումների մասին, համաձայն որոնց՝ «Ծառուկյան» դաշինքն 1-ին տեղում էր, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Անշուշտ, սրանց մեջ կան և՛ ճշմարտությանը մոտիկ, և՛ որոշակի պատվերի բնույթ կրող հրապարակումներ: Բայց բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքը, միևնույն է, առաջատարների թվում է, որոշ դեպքերում էլ` առաջատար: Որևիցե հայտնագործություն չկա, մարդկանց վերաբերմունքից է զգացվում: Մենք հասարակության համակրանքը վայելող հզոր շարժում ենք»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս