Սիրիան ամենավտանգավոր երկիրն է մնում լրագրողների համար. «Թղթակիցներ առանց սահմանի»
Սիրիան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մնում լրագրողների համար: Այդ մասին ասված է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում:
Այս միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ հակամարտության վեց տարվա ընթացքում Սիրիայում ընդհանուր առմամբ զոհվել է 211 լրագրող՝ ինչպես սիրիացի, այնպես էլ՝ օտարերկրյա: Անցյալ տարի սպանվել են ԶԼՄ-ների 19 ներկայացուցիչներ:
«Ահաբեկման գործողությունները, ձերբակալությունները, առեւանգումները, սպանությունները Սիրիայում սովորական երեւույթ են դարձել եւ ահավոր պատկեր են ստեղծում»,-նշվում է զեկույցում:
«Արդեն երկար տարիներ Սիրիան ամենամահաբեր երկիրն է մնում լրագրողների համար»,արձանագրում են «Թղթակիցներ առաջ սահմանի» կազմակերպությունում՝ հորդորելով հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովել տեղում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգությունը:
Զեկույցում ասվում է, որ այսօրվա դրությամբ Սիրիայում առնվազն 26 լրագրող բանտարկության մեջ է գտնվում, 21-ին պահում են որպես պատանդ կամ նրանք անհայտ կորած են համարվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: