Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Սիրիան, Ուկրաինան և ներռուսական հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի իրադրության կարգավորումը, Կիեւի կողմից Դոնբասի շրջափակումը եւ Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ հրատապ ներռուսական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:՝
Պեսկովը նշել է, որ հանդիպմանը, մասնավորապես, «քննարկվել են ներռուսական սոցիալտնտեսական օրակարգի հրատապ հարցերը»: Բացի այդ, «քննարկվել է Սիրիայի իրադրության կարգավորումը»:
«Աստանայում կայացած հանդիպման հաշվառմամբ, կարծիքներ են փոխանակվել
Աստանայի գործընթացի եւ Ժնեւի բանակցային գործընթացի հեռանկարների շուրջ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ խորհրդակցությունում նաեւ «անհանգստություն է հայտնվել Սիրիայի մի շարք շրջաններում տիրող հումանիտար բարդ իրադրության
կապակցությամբ»:
Խորհրդակցության մասնակիցները հանգամանորեն քննարկել են Ուկրաինայի թեման, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը:
«Առաջին հերթին արծարծվել է իրադրության կտրուկ սրվելը Կիեւի կողմից Դոնբասի համատարած շրջափակումից հետո: Նշվել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք ուղղված են երկրի մի ամբողջ տարածաշրջանի բռնի անջատմանը, իհարկե, տանում են լարվածության հետագա սաստկացման»,-ասել Է Պեսկովը: Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ Պուտինի հանդիպմանը նաեւ քննարկվել է Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» շուրջ ստեղծված իրադրությունը, որոնք «Ուկրաինայի իշխանությունների կողմից պատժիչ գործողությունների զոհ» են դարձել:
«Շատ լուրջ մտահոգություն է հայտնվել այդ իրադրության կապակցությամբ»,-ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հայտնել է, որ խորհրդակցությանը մասնակցել են Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ
Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ
Նարիշկինը: Լրագրողների ճշտող հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չի եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Պեսկովը պատասխանել է, որ «դա կապված է նրա գրաֆիկի հետ»: «Նա ամեն անգամ չէ, որ նա մասնակցում է»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: