««Հաց բերողի» երկրորդ ձերբակալությունը քարոզչական-քաղաքական բնույթ ուներ». Մանուկ Սուքիասյան
«Արթուր Սարգսյանի կալանքից ազատվելու հետ կապված՝ մեր կուսակցությունն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել: Երեկվանից քարոզարշավային ոչ մի բան չենք ունեցել: 10 օր առաջ ընդամենը նա կալանքից ազատվեց, բայց հնարավորություն կար` ավելի շուտ ազատվեր, արդյունքում` այսպիսի հետևանք չէինք ունենա, այսպիսի դեպքի մենք ականատես չէինք լինի»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար, ռեյտինգային թեկնածու Էդգար Առաքելյանը:
Իսկ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանուկ Սուքիասյանը երկու հարց հնչեցրեց՝ պահանջելով իշխանություններից պատասխանել դրանց.
«Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ Արթուր Սարգսյանին ձերբակալելու, ո՞ր հարցերը չէին տրվել ամառվանից սկսած, որ հիմա պետք է տային: Ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ դրսում, որ ստիպված ձերբակալեցին: Եթե այս հարցերի պատասխանները չեն տալիս, նշանակում է՝ իրականացրել են պետական պատվեր»:
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի ձերբակալման և ողբերգական մահվան փաստին` նա ասաց. «Արթուրը խղճի զոհ էր, նա մեր բոլորի մտապատկերում շարունակելու է իր կենդանի գոյությունը և խարան է մնալու մեր պետության ճակատին այնքան ժամանակ, քանի դեռ ամեն անգամ մարդու ձերբակալելիս որևէ դատավոր, քննիչ կշարունակի կատարել քաղաքական պատվեր: Իսկ որ երկրորդ ձերբակալությունը քարոզչական-քաղաքական բնույթ ուներ, ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող»:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գեորգիսյանը նույնպես հայտարարեց, որ իրենց դաշինքի ներկայացուցիչները պայքարում էին «Հաց բերողի» կյանքի համար. «Մենք արեցինք գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր, երևի թե քաղաքական ուժերից միակն էինք, որ, երբ հացադուլ էր հայտարարել, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ խափանման միջոցները փոխեն, սկսած պատկան մարմիններին դիմելուց՝ մինչև ստորագրահավաք»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա նա նշեց, որ «Ելքը» չի պատրաստվում դադարեցնել այն. «Որովեհտև չենք կարող մեզ թույլ տալ մի օր ավելի հապաղել, Հանրապետական կուսակցության ստեղծած այս իրավիճակը հանդուրժել: Ամեն օր պետք է քրտնաջան աշխատենք, որ Հանրապետական կուսակցությանը զրկենք իշխանությունից: Մենք մահը չէ, որ գնահատելու ենք և պոպուլիզմի թեմա ենք սարքելու, դրանից փորձելու ձայներ հավաքել: Մենք շարունակելու ենք քարոզարշավը, որ նման դեպքեր էլ չունենանք»,- ասաց Գևորգ Գեորգիսյանը:
Անի Թորոսյան