Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ տատի պատմությունը
Հոլիվուդյան հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում, ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը` կոչ անելով բոլորին միանալ իրեն և չլռել:
Սարաֆյանը ցույց է տվել իր տատիկի ընտանիքի լուսանկարը: «Նրանց ընտանիքում հինգ երեխա կար, տատիկս չորրորդն էր: Նրա անունը Հելեն էր»,- պատմել է դերասանուհին: Նա նշել է, որ իր տատիկի մայրը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ էր դարձել: Նա և իր երկու քույրերը փախել են հորեղբոր տուն, ով հարուստ էր: Այս տանը որոշ ժամանակ մնալուց հետո զինվորները տեսել են երեք աղջիկներին և տարել են` նպատակ ունենալով իսլամացնել նրանց: Սակայն ի վերջո զինվորները երեխաներին անաստված են համարել և որոշել են ազատվել նրանցից:
Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:
«Ես հավատացած եմ, որ այն ամենն ինչ ես գիտեմ որպես հայ կին, գալիս է իմ մորից և տատիկից: Այն ջերմությունն ու սերը, որ ես տեսել եմ այս տանը: Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, ինձ համարել եմ ամերիկացի աղջիկ, սակայն ես հայ եմ: Ես կերել եմ ամենահամեղ ուտելիքը, սովորել եմ լինել ուժեղ, սիրող, բարի` հատկանիշներ, որ ունեն հայ կանայք:
Ես կոչ եմ անում բոլորին լսելով այս պատմությունը պատմել սեփականը: Ես Անժելա Սարաֆյանն եմ, և ես արժևորում եմ խոստումը պահելը և երբեք չլռելը»,- եզրափակել է դերասանուհին: