Բաժիններ՝

«Երբեք որևէ երկրում իմ ասուլիսները չեն ուղեկցվում երաժշտական կատարումներով, այդպես միայն Հայաստանում է». Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում է

Հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է և պատրաստվում է առաջիկա համերգին: «Սա իմ հայաստանյան երկրորդ այցն է, և ես երջանիկ եմ կրկին լինելու ձեր երկրում»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայտնի երաժիշտն ու հավելեց, որ առաջիկա համերգային երեկոյի ընթացքում նոր ստեղծագործություններ են հնչելու, ծրագիրը տարբերվելու է նախորդներից:

Համերգային ծրագրի ընթացքում այս անգամ հայկական ստեղծագործություններ չեն ընդգրկվել, ցավով նշում է երաժիշտը՝ ասելով, որ դեռ չի հասցրել. «Հույս ունեմ՝ հաջորդ անգամ երբ գամ, կկարողանամ հայկական ստեղծագործություններից որոշ կտորներ դաշնամուրի համար իմպրովիզ անել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ ընծա մատուցել ձեր երկրին ու հայկական կտորներ նվագել»:

Առավել կոմերցիոն երաժշտությանը տուրք տալու իր նախընտրությունը հայտնի դաշնակահարն այսպես է մեկնաբանում. «Ես սկսել եմ դասական երաժշտությամբ, դասական երաժշտության ուսում եմ առել: Ժամանակի ընթացքում նվագել եմ պարի տարբեր խմբերի համար, գնացել դեպի պոպուլյար երաժշտություն: Բայց այդ անցումը շատ բնական է եղել: Միգուցե ես չէի տեսնում, որ կարող եմ դասական դաշնակահարի կարիերա ունենալ, ու գնացի դեպի այն երաժշտությունը, որն ինձ դուր էր գալիս: Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, այդ քայլի շնորհիվ է, որ կարողացել եմ աշխարհում պտտվել»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞րն է Ձեր երջանկության գաղտնիքը, պարոն Կլայդերմանը պատասխանում է. «Իմ երջանկությունը սերն է, որ տածում եմ առ երաժշտություն, առ դաշնամուր, այդ երաժշտությունն ու դաշնամուրն է, որ ինձ թույլ է տվել արդեն 38 տարի զբաղվել այդ գործով»:

Ասուլիսն ավարտվեց խոստացված անակնկալով, որի ընթացքում ֆրանսիացի դաշնակահարը փոքրիկ իմպրովիզային կատարում նվիրեց լրագրողներին՝ միաժամանակ ընդգծելով, որ երբեք որևէ երկրում իր ասուլիսները չեն ուղեկցվել երաժշտական կատարումներով, այդպես միայն Հայաստանում է:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին՝ ժամը 19-ին, կանանց միամսյակի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Համերգի ընթացքում կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ և սիրված՝ Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս