«Հայաստանի բնակչության 70 տոկոսը պաշտպանում է Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը». հետազոտություն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր իրադարձություն է Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում և արտահայտում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր, վստահելի մակարդակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով վերջին մեկ ամսվա ընթացքում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած քաղաքական հետազոտության արդյունքները հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերոթյունների խորացման օգտին, պաշտպանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը և իշխանություններից ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացում:
«Մենք կարող ենք պնդել, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի զարգացման օգտին և աջակցում է Հայաստանի այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման օգտին»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Ըստ հետազոտության արդյունքների` Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է ռուսական քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունը:
«Մենք համոզված ենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն է այն տնտեսավարող օղակը, որը մոտակա շրջանում հանդես է գալու Հայաստանի տնտեսության բարելավման և դրանում Ռուսաստանի ուղղակի և անուղղակի ներդրումների ծավալների մեծացման օգտին: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը մեր երկրի տնտեսության բարելավման հնարավորությունը կապում է կառավարության անմիջական գործունեության հետ:
Բնակչությունը սպասելիքներ ունի նոր ներդրումներ ներգրավելու, նոր գործընկերներ գտնելու և դրանով տնտեսությունը զարգացնելու գ ործընթացից: Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է Հայաստանի հետ համատեղ տնտեսության զարգացումն ապահովելու համար Ռուսաստանում ներդրողներ գտնելն արտահայտում է բնակչության սպասելիքները»,- ավելացրեց Արամ Սաֆարյանը: