«Գլուխները պատի՛ն կտան, եթե որևէ մեկը մեզ շահարկման մեջ կմեղադրի». Նիկոլ Փաշինյան

«Մեր կողմից կատարվել են բոլոր գործողությունները, որ Արթուր Սարգսյանի առողջությունը և կյանքի իրավունքը պաշտպանված լինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ցավակցելով «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի հարազատներին, համակիրներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում են նրան։ Նա ներկայացրեց իրենց գործողությունները՝ կապված Արթուր Սարգսյանի կալանքի, առողջական վիճակի հետ՝ խոսելով նաև ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման մասին։

«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի արդյունքում, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության խախտում է, որովհետև նրան այդ պայմաններում հետևողականորեն անազատության մեջ պահելը, նախաքննության մարմնի այդ որոշումները հավասարազոր են նպատակային և դիտավորյալ խոշտանգումների, և՝ հետևողական կերպով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ պատկան մարմինները չեն կարող ասել, որ իրենք չգիտեին այն մասին, որ Արթուր Սարգսյանն այդ պայմաններում կարող է մահանալ։

«Իրենց մանրամասն, բառացիորեն ասվել է, որ Արթուր Սարգսյանը դուրս չի գալիս հացադուլից, թույլ չի տալիս անգամ իր զարկերակը ստուգել, եթե այսպես շարունակվի, դուք նրան տանում եք մահվան: Ասում էինք՝ ո՞ւմ է սա ձեռտու, դուք ուզո՞ւմ եք՝ դա տեղի ունենա։ Ասում են՝ ոչ, մենք հսկողություն կապահովենք, բժիշկները նրան կհսկեն: Բժիշկների հսկողությունը քանի՞ գրոշի արժեք ունի, եթե նա չի թույլ տալիս, որ իրեն մոտենան։ Ըստ էության՝ Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, այն իրավիճակի զոհը, որտեղ մարդն արժեք չի ներկայացնում ընդհանրապես, մարդու իրավունքները, ազատությունները, արժանապատվությունը հարգանքի առարկա չեն։ Չնայած բոլորիս համար էլ պարզ էր, բայց ևս մեկ անգամ բոլորիս համար արձանագրվել է այն իրավիճակը, որ մեզ համար շատ ողբերգական է և շատ ցավալի կորուստ բոլորիս համար։ Մենք այս շփումների ընթացքում ենք նրա հետ ծանոթացել, ասեմ, որ նա շատ բարձր քաղաքացիական գիտակցություն ուներ, այնպիսի տպավորություններ եմ ստացել Արթուր Սարգսյանից, որ չգիտեմ անգամ՝ ինչպես նկարագրել»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փետրվարի 13-ին Գլխավոր դատախազի հետ հանդիպման գնալիս ունեցել են նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկների եզրակացությունը, որի համաձայն՝ իրավիճակը կարող է ողբերգական ավարտ ունենալ, իրենք գլխավոր դատախազին տեղեկացրել են, որ, եթե անհապաղ որոշում չկայացվի անձնական երաշխավորություններն ընդունելու մասին, կարող է մահվան ելքով իրավիճակ լինել։

Նա նշեց, որ փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը գլխավոր դատախազը խուսափել է պատասխանել իրենց զանգերին. «Իմ անձնական համոզմունքն այն է, որ Արթուր Սարգսյանի և՛ կալանավորումը, և՛ նրա հետ կապված բոլոր գործողությունները ճշտվել են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի հետ, որովհետև Արթուր Սարգսյանի շուրջ հասարակական մեծ հնչեղություն էր ձևավորվել, որը կարող էր ունենալ նաև որոշակի հանրային քաղաքական պոտենցիալ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս իրավիճակում մանրամասն իրավական քննության առարկա պետք է դառնան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ կապված՝ քննիչի, դատավորի, վերահսկող դատախազի, գլխավոր դատախազի գործողությունները, և մանրամասն պետք է հետաքննվի այն հարցը, թե որքանով են այս հարցում իրավապահ մարմինները կաշկանդված եղել, և որքանով են նրանց կայացրած որոշումների վրա ազդեցություն գործել Բաղրամյան 26-ից։

Հանրությունը շատ հստակ և իր համար հասկանալի պատասխան պետք է ստանա, թե, ի վերջո, ինչն է դարձել Արթուր Սարգսյանի մահվան պատճառը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար միանշանակ է՝ Արթուր Սարգսյանի հետ այսպես են վարվել՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտն ավելի խորացնելու համար: Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ, որ իշխանությունը չկարողանա հասնել իր այս նպատակին.

«Հետևաբար՝ կարևոր է, որ մնք հետևողականորեն շարունակենք մեր գործը և մեր պայքարն այնպիսի Հայաստան ունենալու համար, որտեղ Արթուր Սարգսյանի նման մարդիկ և ընդհանապես ոչ մի քաղաքացի նման ճակատագրի և վերաբերմունքի չի արժանանում»։

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն մեղադրանքներին, թե որոշ  քաղաքական ուժեր փորձում են Արթուր Սարգսյանի մահը  շահարկել նախընտրական քարոզչության շրջանում դիվիդենտներ շահելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շարմազանովին ասեք, թող հստակեցնի, եթե  մեղադրանքները մեզ են ուղղված, ես իրեն կպատասխանեմ: Այս պահին կարող եմ ասել՝ նա մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին։ Առհասարակ, նման քննադատություն մեզ որևէ մեկը չի կարող ուղղել, որովհետև, երբ Արթուր Սարգսյանը կալանավորված էր և հացադուլի մեջ էր, առաջին օրվանից մենք զբաղվել ենք դրանով և մեզնից կախված մաքսիմալ ջանքերը գործադրել ենք, որ նա օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հայտնվի ազատության մեջ»։

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենց կողմից որևէ բան չի արվել և չի արվելու դիվիդենտներ շահելու և «Հաց բերողի» մահը քարոզարշավում շահարկելու համար, քանի որ առաջին իսկ օրվանից ներգրավված են եղել նրա ազատության հետ կապված գործում, հիմա էլ պարզապես ներկայացնում են ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ գլուխները պատի՛ն կտան, եթե որևէ մեկն իրենց շահարկման մեջ կմեղադրի։

Տեսանյութեր

Լրահոս