«Ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում». Ռիչարդ Միլս
Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և նշել է, որ կարևորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով ամփոփման և այլ հիմնախնդիրների:
Դեսպանի առաջարկով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքական առաջնահերթությունները, ընտրական գործընթացի դրական և բացասական կողմերը:
Իր հերթին ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է.
«Հուսով ենք, որ տեղամասերում տեղադրված նոր տեխնիկական սարքավորումները կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները քվեարկության օրը և նաև կօգնեն մեծացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի ու ընտրության արդյունքների նկատմամբ: Կարևոր է սակայն հիշել, որ ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում: Դրանք կարող են նաև ստվեր նետել ներկայումս Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ընթացող ընտրարշավի մթնոլորտի վրա:
Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատական տալիս թե՛ մենք, թե՛ միջազգային հանրության մնացյալ մասը քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները՝ ընտրարշավի ընթացքից մինչև քվեարկություն ու ձայների հաշվարկ»: