«Ոչ մի թաղային կերպար կամ հանցագործ չի կարող ստվերել ընտրական գործընթացների խաղաղ անցկացումը». Արտակ Զաքարյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ որեւէ գյուղապետ, ընդդիմադիր ուժ, թաղային կերպար կամ հանցագործ չի կարող ստվերել դա:
«Շատ անգամ ընդդիմադիրները կամ այլ անձինք հրահրում են նման երեւույթներում: Ընտրությունները մեծ գործընթաց են, որում հասարակության ճնշող մեծամասնությունն է ներգրավված. ոմանք սատարում են այս կամ այն քաղաքական ուժին, դիտորդական առաքելություն իրականացնում, լուսաբանում, քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրենց առօրյայի մեծ մասը պլանավորում են նախընտրական գործընթացներով:
Եվ եթե կա լարված հարաբերություն, դա չպետք է անցնի սահմանը, որից հետո դա կորակվի որպես քրեական կամ անթույլատրելի արարք: Մենք դատապարտում ենք սա եւ քաղաքական ուժերին կոչ ենք անում անհարկի չլարել իրավիճակը, եւ եթե տեղի են ունեցել նման միջադեպեր, ապա դա չքաղաքականացնել եւ դիտարկել որպես պատժելի արարք»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ կան երեւույթներ, որոնք հրահրում են նման անթույլատրելի արարքներ, որի պարագայում էլ ողջ տեղեկատվական դաշտը կենտրոնանում է այդ հանգամանքի վրա:
«Մենք պետք է համերաշխ, խաղաղ ընտրական գործընթաց ունենանք, ինչի արդյունքում կկարողանանք լիարժեք իրավական հիմքի վրա ձեւավորված խորհրդարան ունենալ»,- ասաց նա: