Գերմանիայում չեղարկվել է Էրդողանի հերթական կուսակցի միջոցառումը
Գերմանիայի Բրեմերհաֆեն քաղաքում կազմակերպիչների կողմից չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սեմա Քըրջըի մասնակցությամբ կայանալիք միջոցառումը:Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Կատարվածի առնչությամբ Բրեմերհաֆենի քաղաքապետ Մելֆ Գրանցն ասել է. «Սա ուրախացնող լուր է, նմանօրինակ նախընտրական հավաքները մեր քաղաքում տեղ չունեն»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը: Հանովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկը նշել է, որ մարտի 17-ին կայանալիք թուրք գործչի միջոցառման առնչությամբ հանդիպել է ոստիկանության և Ստորին Սաքսոնիա երկրամասի ղեկավարության հետ:
«Մեր այս որոշմամբ ցանկացանք հայտնել, որ որպես Հանովերում պատասխանատու քաղաքական գործիչներ` մեր քաղաքում նմանօրինակ հավաքների կազմակերպումը մեզ համար ցանկալի չէ»,-ասել է Շոստոկը: