«Հանրությունը վրդովված է, և դա նորմալ է». Արտակ Զաքարյանը հորդորում է «Հաց բերողի» մահը չդարձնել դիվիդենտներ շահելու միջոց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նրա խոսքով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը որոշ քաղաքական ուժերի համար չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:
«Ցավակցելով հարազատներին՝ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չի կարելի այդ ամենի հիման վրա հանրային տրամադրություն ձեւավորել: Հանրությունը վրդովված է, եւ դա նորմալ է, մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների, էմոցիոնալ գնահատականների հետ, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են դա քաղաքականցնել»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն: «Անկախ նրանից՝ դա Արթուր Սարգսյանն է, թե այլ քաղաքացիներ, տարբերություն չենք դնում, օրենքով ենք առաջնորդվում յուրաքանչյուր անձի դեպքում»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն եւս մի քանի քաղաքական ուժերի նման որոշ ժամանակով դադարեցնելո՞ւ է քարոզարշավը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. ոչ դեռեւս նման քննարկում չի եղել: