Սիրիական բանակը Իսրայելի օդուժի ինքնաթիռ է խոցել
Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի այն չորս ինքնաթիռներից մեկը, որոնք ներթափանցել էին արաբական հանրապետության օդային տարածություն։
«Մեր հակաօդային համակարգերը հակազդել են եւ բռնազավթված տարածքների վրա խոցել ինքնաթիռներից մեկը: Վնասվածք է ստացել եւս մեկ ինքնաթիռ, մնացածները հեռացել են»,-ասված է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ իսրայելական օդուժի թիրախները եղել են Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի
քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել է դրանցից մեկը»,-նշել են զինվորականները:
«Հաարեց» թերթը ճշտում է, որ սիրիական զենիթային հրթիռ է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել է հրթիռակոծման:
«Հաարեց»ը մարտի 17-ին տեղի ունեցածը համարում է երկու երկրների միջեւ ամենալուրջ միջադեպը «վեց տարի առաջ Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից ի վեր»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին: