Դանիան Հարավային Կորեային է արտահանձնում նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհու դստերը
Դանիայի դատախազությունը որոշում է ընդունել այն մասին, որ Չխվե Սուն Սիլի՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտի դուստրը պետք է արտահանձնվի Կորեայի
Հանրապետությանը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Քննարկելով արտահանձնման վերաբերյալ Հարավային Կորեայի պահանջը՝ մենք եկանք այն կարծիքին, որ հանձնման բոլոր պայմանները համապատասխանում են արտահանձնման մասին Դանիայի օրենքին»,-գործակալությունը մեջբերել է դատախազության ներկայացուցչի հայտարարությունը:
Չոն Յու Ռան ձերբակալվել է հունվարի 1-ին դանիական Օլբորգում միջազգային կալանագրի հիման վրա, որն Ինտերպոլի կողմից տրվել էր հարավկորեական իշխանությունների պահանջով: Հարավային Կորեայում նրան կասկածում են այն բանում, որ նա համալսարան է ընդունվել սահմանված կանոնների շրջանցմամբ: Կասկածյալը հրաժարվել է կամավոր վերադառնալ հայրենիք, որտեղ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին:
Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:
Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: