Բաժիններ՝

«Եվրատեսիլ­-2017»-­ի հայաստանյան երգի պրեմիերային հաշված ժամեր են մնացել

«Եվրատեսիլ-­2017»-­ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18­-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Հայաստանյան պատվիրակ Արծվիկը մայիսի 9-­ին կկատարի ”Fly with me” երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի:

”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների եւ ընդհանրությունների վրա եւ զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը:

Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:

Տեսահոլովակում եւս պահպանված է երգի մեղեդային գիծը եւ ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ եւ լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արեւի
ճառագույթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան: «Եվրատեսիլ-­2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9­-ին, 11­-ին եւ 13-­ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-­ին՝ 1­-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս