Ռմբակոծություն Հալեպի նահանգում. 40-ից ավելի մարդ է զոհվել
40-ից ավելի մարդ է զոհվել Սիրիայի Հալեպի նահանգի Ալ Ջինա գյուղի մզկիթին հասցված ավիահարվածի հետեւանքով: ԱՄՆ-ը ժխտում է սոցցանցերում հայտնված հաղորդումներն այն մասին, որ մզկիթին ավիահարվածը հասցրել են ամերիկյան ուժերը, հայտարարելով, որ ստուգում Է խաղաղ բնակիչների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է
անելով BBC-ին:
Խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերի մասին հայտնել են Սիրիայում մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի կենտրոնի իրավապաշտպանները, ինչպես նաեւ «Սպիտակ սաղավարտներ» կամավորական փրկարարական կազմակերպությունը:
«Հարձակման ընթացքում չճանաչված ինքնաթիռները Հալեպի նահանգում հարված են հասցրել մզկիթի՝ կյանքից զրկելով 42 մարդու, հիմնականում խաղաղ բնակիչների», հայտարարել է Լոնդոնում բազավորված մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Նա հավելել է, որ ավիահարվածի հետեւանքով շուրջ հարյուր մարդ վերքեր են ստացել: Փրկվածների մի մասը գտնվում Է փլվածքների տակ:
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը ավիահարված են հասցրել «Ալ Քաիդայի» զինյալների կուտակման վայրին՝ սպանելով նրանցից մի քանիսին:
Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Ջոն Թոմասն ասել է, որ ամերիկյան ուժերի ավիահարվածին ենթարկված շենքը գտնվում էր մզկիթից 15 մետր հեռավորության վրա, եւ որ ավիահարվածից հետո մզկիթը դեռ կանգուն էր: «Մեր թիրախը ոչ թե մզկիթն էր, այլ այն շենքը, որտեղ ընթանում էր զինյալների հանդիպումը, այն 15 մետր հեռու է մզկիթից, որը մինչ այժմ կանգուն է»,-Թոմասի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ամերիկյան հրամանատարությունը, նրա խոսքով, խաղաղ բնակչների զոհվելու վերաբերյալ հաղորդումների ստուգում է անցկացնում: Ալ Ջինան գտնվում է սիրիական հակակառավարական ապստամբների ձեռքում: Գյուղը 20 կիլոմետր է հեռու Հալեպից: