
Եթե պարզվի, որ Արթուր Սարգսյանը մահացել է անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, բոլոր մեղավորները կպատժվեն. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է:
«Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել, ցավում ենք և ցավակցություն ենք հայտնում: Այսօր լրագրողների հետ զրույցում նաև հանրապետության վարչապետն է իր ցավակցությունները հայտնել: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե Արթուր Սարգսյանը մահացել է կալանավայրի պայմաններին նրա հիվանդության ոչ համապատասխանելիության հետևանքով` Շարմազանովն ընդգծեց, որ Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակահատվածում մի քանի անգամ նրան բուժող բժիշկներն առաջարկել են, որպեսզի նա քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է այդ առաջարկը: «Իմ ունեցած տեղեկություններով սա արձանագրված է, և ցանկության դեպքում կարող են այդ արձանագրությունները տեսնել»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որում կասկածի տակ են դրվում Սարգսյանի մահվան պատճառների վերաբերյալ բժիշկների գնահատականները` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ինքը բժիշկ չէ և չի կարող գնահատականներ տալ: «Եթե փաստաբանները կամ նրա հարազատները պնդում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում: Եվ եթե այդ փորձաքննության արդյունքում պարզվի, որ նրա մահն անբարեխիղճ վերաբերմունքի պատճառ է, բոլոր մեղավորները միանշանակ կպատժվեն»,- նշեց նա:
Շարմազանովն անթույլատրելի համարեց այն ուժերի պահվածքը, ովքեր փորձում են Արթուր Սարգսյանի մահն օգտագործել նախընտրական դիվիդենտներ շահելու համար: «Սա անթույլատրելի է, սա մարդկային ողբերգություն է և մարդկային ողբերգության վրա դիվիդենտներ շահելը ես անընդունելի եմ համարում»,- եզրափակեց Շարմազանովը: