Ի՞նչ է հայտարարագրել Իշխան Զաքարյանը
Վերահսկիչ պալատի նախկին անախագահ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղում պատգամավոր առաջադրված Իշխան Զաքարյանն իր գույքի և եկամուտների հայտարարագրում, բացի ՎՊ-ից ստացած աշխատավարձից՝ 9 մլն 91 հազար դրամ, որևէ այլ եկամուտ չի հայտարարագրել։
Չնայած եկամուտների սղությանը, Ի. Զաքարյանը ոչ քիչ միջոցներ ունի բանկում՝ 4 մլն դրամ, 33.5 հազար եվրո և 5.5 հազար դոլար։ Նա չունի որևէ ներդրում կամ արժեթուղթ որևէ ընկերությունում։ Անհասկանալի է, թե այս պարագայում Զաքարյանն ինչպես է կարողացել միայն աշխատավարձով տնտեսել այսքան գումար։
ՎՊ նախկին նախագահը հայտարարագրել է միայն 0.378 հա հողամաս Արարատի մարզի Լանջազատ համայնքում։ Որևէ այլ անշարժ, շարժական գույք կամ 8 մլն դրամը գերազանցող իր Զաքարյանը չի նշել։
Ուշագրավ է, որ Ի.Զաքարյանն ու իր որդին հաշվառված են Նոր Նորքում` Պաշտպանության նախարարության հարևանությամբ գտնվող առանձնատանը, որը, ինչպես նախկինում հայտարարել էր Զաքարյանը, ինքը կառուցել է սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս միջոցներով։ Ավելի ուշ՝ խորհրդարանի հարցուպատասխանի և մամուլի հետաքննության արդյունքում, ի վերջո, Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին: Զաքարյանը հայտարարել էր նաև այդ շքեղ առանձնատան կողքին ոչ պակաս շքեղ շինության կառուցման մասին։