Ադելը Twitter-ում գաղտնի օգտահաշիվ է բացել բացբերանության պատճառով
Բրիտանացի երգչուհի Ադելն ստիպված է եղել Twitter-ում գաղտնի հաշվից օգտվել այն բանից հետո, երբ մենեջերները նրան արգելել են չափից ավելի հաճախ գրել իր պաշտոնական օգտահաշվում:
Ինչպես տեղեկացնում New York Daily News-ը, այդ մասին երգչուհին երկրպագուներին պատմել է Ավստրալիայում ունեցած ելույթի ժամանակ:
«Ինձ թույլ չեն տալիս օգտվել սեփական Twitter-ից, որովհետեւ ես շատ բացբերան եմ եւ հաճախ ոչ ճիշտ բաներ եմ ասում: Ուստի ինձ զրկել են
այդ արտոնությունից»-,գանգատվել է Ադելը:
Երգչուհին նշել է, որ մամուլի գործակալները չգիտեն իր գաղտնի օգտահաշվի մասին: «Դե, այժմ, ակներեւ է, իմացել են, քանի որ ես այդ մասին պատմել եմ»,-հավելել է նա:
Երգչուհու մենեջերները 2015 թվականի նոյեմբերին արգելել էին նրան Twitter-ի հաշվից օգտվել մի քանի գրառումներից հետո, որոնք նա արել էր ոչ սթափ վիճակում: Մինչդեռ Ադելը հավաստիացրել է, որ ինքն առաջա պես թվիթներ գրում է, բայց չի կարող դրանք հրապարակել, քանի դեռ դրանք չեն անցել կրկնակի խմբագրում եւ հավանության արժանացել մամուլի գործակալների կողմից:
Ադելն ամենահաջողակ ժամանակակից երգչուհիներից մեկն է: «Գրեմմի2017» երաժշտական մրցանակի հանձնման արարողությանը նրան արձանիկներ են շնորհել «Լավագույն սինգլ», «Լավագույն փոփկատարում» եւ «Տարվա ձայնագրություն» կատեգորիաներում, ինչպես նաեւ պարգեւ՝ «Լավագույն ալբոմ» կատեգորիայում: