
«Ոչ պակաս կարևոր էր ոչ միայն այն, ինչ ասվեց, այլև այն, ինչի մասին չխոսվեց»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գնահատմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին Մոսկվա կատարած այցը կարեւոր եւ հաջողված էր տարածաշրջանային անվտանգության եւ տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում:
«Որպես ձեռքբերում ես կառանձնացնեմ համատեղ արած հայտարարությունը, որում հատկապես նշվեց երկկողմ համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգութ յան ապահովման մասին: Կարծում եմ՝ դա բացառապես Հայաստանի անվտանգությանը չէ, որ առնչվում է, քանի որ նշվեց միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորության մասին, եւ դա, ըստ իս, վերաբերում է ընդհանուր տարածաշրջանին, ինչպես նաեւ Արցախի խնդրին: Վերլուծաբանների աչքից չվրիպեց նաեւ այն հանգամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ կատարեց առաջիկա ընտրություններին»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ոչ պակաս կարեւոր էր ոչ միայն այն, ինչ ասվեց, այլեւ այն, ինչի մասին չխոսվեց:
«Օրինակ՝ որեւէ բացասական անդրադարձ Հայաստան-ԵՄ հարաբերություններին մենք չտեսանք: Հատկանշական էր նաեւ այն, որ երկու նախագահների մակարդակով նշվեց, որ կողմերը միանշանակ ջանքեր են գործադրելու Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կատարելու ուղղությամբ»,- նշեց Սերգեյ Մինասյանը: