«Մի գայթակղվեք, մի ահաբեկվեք». դեսպան Սվիտալսկիի 5 ուղերձներն ընտրողներին՝ ապրիլի 2-ին ընդառաջ

Ապրիլին 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հինգ ուղերձ փոխանցեց հայաստանյան ընտրողներին։ Այսօր մի շարք լրատվամիջոցների հետ կարճ զրույցում նա տեղեկացրեց, որ ԵՄ-ն լուրջ ֆինանսական ռեսուրսներ և քաղաքական վստահություն է ներդրել ՀՀ Ընտրական օրենսգրքի հատկապես այն հարցերի աջակցության համար, որոնք առնչվում են նոր տեխնոլոգիաների՝ ընտրողների նույնականացման և տեսանկարահանող սարքերի ներդրմանը։ Դեսպանը շեշտեց, որ ԵՄ-ն հետաքրքրված է հաջող և լավ ընտրություններով, որոնք որակապես մեկ քայլ առաջ կհամարվեն Հայաստանում ժողովրդավարական չափանիշների հարցում։

Սվիտալսկին տեղեկացրեց, որ տեխնոլոգիաների ներդրման հարցով ինտենսիվ աշխատել են ինչպես՝ ՀՀ կառավարության, այնպես էլ՝ բոլոր համապատասխան հանրային ինստիտուտների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, մյուս դոնորների, միջազգային կազմակերպությունների հետ, ուստի լավատես են՝ ակնկալելով պատշաճ ընտրություններ։

Դեսպանը 5 ուղերձ փոխանցեց հայ ընտրողներին։ Առաջին ուղերձը, ըստ նրա, հետևյալն է.« Գնացեք և քվեարկեք։ Ես գիտեմ, որ շատերը վստահություն չունեն, որ նրանց քվեն նշանակություն կունենա, դա սովորաբար հիասթափության հետևանք է, քանի որ նրանք բացասական փորձ են ունեցել անցյալում։ Բայց ես ցանկանում եմ բաց կերպով ասել, որ այս անգամ մենք անում ենք ամեն բան, որպեսզի Ձեր քվեն նշանակություն ունենա, ուստի գնացեք և քվեարկեք»։ Սվիտալսկիի խոսքով՝ երկրորդ ուղերձն այն է, որ ընտրողը պետք է հավատա, որ իր քվեն գաղտնի և անանուն է լինելու։ «Այս նոր տեխնոլոգիաներում չկա որևէ հնարավորություն, որը թույլ կտա հայտնաբերել, բացահայտել Ձեր ընտրությունը, Ձեր ընտրությունը մնալու է գաղտնի, մի հավատացեք այն մարդկանց, ովքեր պնդում են, թե կբացահայտեն՝ ինչպես եք քվեարկել և ում օգտին։ Ոչ, դա հնարավոր չէ, այս նոր տեխնոլոգիան Ձեր քվեն գաղտնի է պահելու»,- շեշտեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Դեսպան Սվիտալսկիի երրորդ ուղերձը հետևյալն է. «Մի ենթարկվեք Ձեր քվեն վաճառելու այլոց փորձերին։ Գուցե հանդիպեք մարդկանց, ովքեր Ձեզ գումար, ծառայություններ, խոստումներ են առաջարկում՝ Ձեր քվեի փոխարեն։ Ես լիահույս եմ, որ հայ ընտրողը կդիմակայի այս գայթակղություններին, քանի որ դա չարժե, չկա գումար, որի համար արժե վաճառել քվե, ուստի դիմակայեք գայթակղությանը և մի վաճառեք Ձեր քվեն»։

Կարդացեք նաև

Պյոտր Սվիտալսկին, որպես չորրորդ ուղերձ-խորհուրդ՝ հորդորեց լինել համարձակ։ Նա մասնավորապես նշեց. «Թույլ մի տվեք, որ Ձեզ վախեցնեն, գուցե սպառնան, գուցե բռնանան, բարեբախտաբար բռնության ներկայիս դեպքերը հատուկենտ են, բայց համարձակ եղեք, ավելի խելացի այն անձանցից, որոնք հավատում են, որ կարող են Ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, հաղթեք նրանց և մի վախեցեք, քանի որ այս անգամ շատ կարևոր է, որպեսզի Դուք վստահություն ունենաք ապագայի հարցում, նրանում, որ այս ընտրությունը որոշելու է Ձեր ապագան»։

Հինգերորդ ուղերձը, որը փոխանցեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը, հետևյալն է, եթե ընտրողն ինչ-որ սխալ բան է նկատում, պետք է չվախենա բարձրաձայնել դրա մասին։ «Մոտեցեք իրավապահ մարմիններին, եթե նույնիսկ Դուք չեք հավատում, որ նրանք վճռական քայլեր կձեռնարկեն, դա նրանց պարտականությունն է, և ես գիտեմ, որ նրանք զգում են այդ պատասխանատվությունը, նրանք գիտեն, որ վստահելի լինելու համար նրանք պետք է արձագանքեն խախտումների բոլոր ահազանգերին։ Ուստի բարձրաձայնեք, կիսեք Ձեր տեղեկատվությունը տեղացի և միջազգային դիտորդների հետ, քանի որ Հայաստանն այս անգամ հյուրընկալելու է աննախադեպ թվով դիտորդների, յուրաքանչյուր ընտրատեղամաս ունենալու է դիտորդ։ Եթե ունեք ինչ-որ ասելիք, մի վախեցեք խոսել այդ մասին»,- ասաց դեսպան Սվիտալսկին՝ հավելելով, որ որպես Եվրոպական միության ներկայացուցիչ՝ հավատում է՝ եթե այս ուղերձներն իրականանան, եթե միասնաբար գործեն դոնորները, միջազգային համայնքը, ՀՀ քաղաքացին, ընտրողը, ապա կարձանագրվի մեծ քայլ առաջ՝ դեպի ժողովրդավարական Հայաստան։

Հարցին, թե Կառավարության ո՞ր գործակալություններն են տնօրինում Եվրոպական միության տրամադրած 7 միլիոն եվրոն, դեսպան Սվիտալսկին պատասխանեց, որ կան տարբեր ծրագրեր։ Ըստ նրա՝ առաջին ծրագիրն ընտրողների նույնականացումն է, որը UNDP-ի կողմից վերահսկվող ջանքերն են, ԵՄ-ն ներդրել է 4 միլիոն եվրո, այսպես կոչված, հիմնադրամի զամբյուղում, որը կառավարվում է UNDP-ի կողմից, ԵՄ-ն 2 միլիոն եվրո է տրամադրել ՀՀ Կառավարությանը տեսանկարահանող սարքերի տեղադրման ծրագրի միջոցով։ «Լինելու է ևս մեկ միլիոն, որը ՀՀ կառավարության բյուջեին կտրամադրվի ընտրություններից հետո, եթե ամեն բան իրականացվի ճիշտ։ Կան տարբեր զամբյուղներ, բավականին բարդ է։ Մենք կարող ենք ասել, որ ողջ գումարը տեղ է հասնում ժամանակին, ամեն ինչ իրականացվում է՝ ըստ հավուր պատշաճի, ճիշտ հերթականությամբ, ուստի մինչ այս պահը կարող ենք ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրված են այս տեխնոլոգիաների կայացման գործում, իրենց առավելագույնն են անում հաջողության համար»,- պարզաբանեց Պյոտր Սվիտալսկին։

 

Տեսանյութեր

Լրահոս