«Բռնությունն աճող ձնագնդի ազդեցություն կարող է ունենալ». Պյոտր Սվիտալսկին՝ Ջրառատի դեպքերի մասին
«Իհարկե, մենք անհանգստացած ենք և մտահոգ։ Հույս ունենք, որ բռնությունը կկանխարգելվի և կարգելվի»,- այսօր մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով օրերս Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքերին։
Դեսպան Սվիտալսկին բացասական գնահատեց բռնության հանգամանքը։ Ըստ նրա, եթե նույնիսկ զգացմունքները շիկացած են, իսկ աշխարհի շատ երկրներում անցկացվող քարոզարշավների ժամանակ զգացմունքները խտանում են, դրանք չպետք է վերաճեն բռնության։ Դեսպանի խոսքով՝ մեծ պատասխանատվություն է ընկած իրավապահ մարմինների վրա, քանի որ, ինչպես այլ երկրների օրինակով է մեզ հայտնի, եթե բռնությունը համապատասխան արձագանքի չի արժանանում, եթե չի լինում արժանի պատասխան, դա կարող է դրդել նոր բռնությունների, կարող է աճող ձնագնդի ազդեցություն ունենալ։
«Ուստի մենք ուշադիր հետևում ենք իրավապահ մարմինների՝ Ոստիկանության, Քննչական կոմիտեի գործունեությանը, և հույս ունեմ, որ նրանք կիրականացնեն իրենց աշխատանքը, քանի որ բռնության հետագա դեպքերի կանխարգելումը նրանց պարտավորությունն է։ Այս պահին դեռ հաղորդվում է հատուկենտ դեպքերի մասին, որոնք ցավալի են, և մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ այլևս բռնության նմանատիպ դեպքեր չեն լինի այս քարոզարշավի ընթացքում, չնայած բարձր զգացմունքների առկայությանը»,- նման տեսակետ հայտնեց Պյոտր Սվիտալսկին։
Նա տեղեկացրեց, որ ԵՄ պատվիրակությունը ՀՀ իշխանությունների հետ այս հարցը քաղաքական մակարդակում չի քննարկել։ «Մենք դա թողնում ենք իրավապահ մարմիններին՝ քննարկելով այն տեխնիկական մակարդակում։ ԵՄ-ն ունի ընտրությունների հարցերով հատուկ խորհրդատու, ով ամենօրյա շփման մեջ է Ոստիկանության և իրավապահ մարմինների հետ, այսպես ենք մենք հետևում իրավիճակին»,- տեղեկացրեց դեսպանը։