Թուրքիայի իշխանությունները տեղապահի ընտրություններին միջամտելու իրավասություն չունեն. Բագրատ Էստուկյան
Տեղապահի ընտրությունները ներեկեղեցական գործընթացներ են, և Թուրքիայի իշխանությունները միջամտելու իրավասություն չունեն: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Ստամբուլի իշխանությունների այն հայտարարությանը, որ չեն ճանաչում տեղապահի ընտրությունների արդյունքները:
«Իմ կարծիքով, սա ծրագրված գործողություն էր: Ժամը 15:00-ին սկսվեց հոգևորականների ժողովը, ժամը 4-ն անց էր ավարտվեց, ու երբ հայտնի դարձավ, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տեղապահ է ընտրվել, իսկույն արդյունքները չճանաչելու մասին այդ թուղթը հրապարակ բերվեց: Բավական կասկած առաջացնող գործընթաց է»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Նա նշեց, որ տեղապահի ընտրություններից մեկ օր առաջ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայկական հիմնարկների նախագահների հետ ժողով գումարեց և ասաց, որ կառավարությունը դեմ է այս ընթացքին, և պետք չէ անցկացնել ընտրությունները:
Հիմնարկների նախագահները պնդեցին, որ դա անհրաժեշտ է:
«Այս զարգացումները կողք կողքի դնելով` ես կարող եմ ասել, որ սա նախապես ծրագրավորված երևույթ է, դավադրություն է, և դրանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի մատը խառն է: Ընդհանուր համոզումն այն է, որ եթե Արամ Աթեշյանը ընտրվեր, ապա այս հայտարարությունը չէր լինի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Նա տեղեկացրեց, որ այժմ պետք է իշխանություններին բացատրվի, որ տեղապահի ընտրությունները միջեկեղեցական հարցեր են և պետությունը չպետք է միջամտի: Անդրադառնալով Ստամբուլի նահանգապետարանի այն հայտարարությանը, թե թույլ չեն տա պատրիարքի ընտրություններ անցկացնել` հայկական համայնքի ներսում պառակտում չլինելու համար, Բագրատ Էստուկյանը նշեց, որ պառակտման խնդիր ընդհանրապես չկա: Ընդհակառակը, առաջին անգամ եկեղեցականները ժողովրդի կամքին համապատասխան քայլ կատարեցին:
«Եթե այս միջամտությունը չլիներ, ապա շուտով կկազմվեր ընտրությունը կազմակերպող հանձնախումբ: Մի քանի ամսվա մեջ պետք է կարողանայինք ընտրություն կազմակերպել: Հիմա ստիպված պետք է այս իրավիճակը հարթել, նոր անցնել հաջորդ փուլին»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: